Պատրիարք Կիրիլը Երևանին և Բաքվին խաղաղության կոչ է արել

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի կարծիքով՝ Ղարաբաղյան հակամարտության կողմերը չպետք է ենթարկվեն Կովկասում լարվածության ուժգնացում ցանկացող ուժերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը հակամարտության կողմերին երկխոսության կոչ է արել։

Արդեն 33 տարի է, ինչ շարունակվում է կողք-կողքի ապրող ժողովուրդների հակամարտությունը, և դրա յուրաքանչյուր սրումը, Կիրիլի խոսքով, ինքն ընկալում է իբրև անձնական ցավ։

Լավրովը Չավուշօղլուի հետ քննարկել է Անդրկովկասում տիրող իրավիճակը. ՌԴ ԱԳՆ

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը հիշեցնում է, որ 1995թ.-ի հունիսի 13-ին Մոսկվայի Սվյատո-Դանիլով մենաստանում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների առաջին հանդիպումը, որի նախաձեռնությունը Ռուս ուղղափառ եկեղեցունն էր։

«Հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որում հայ-ադրբեջանական հակամարտությունը բնորոշվում էր որպես կրոնական հիմք չունեցող։ Այդ մասին հատկապես կարևոր է հիշել այսօր, երբ միջազգային կոնֆլիկտներում արհեստականորեն փորձում են կրոնական գործոն մտցնել հակամարտությունները սրելու համար»,-նշվում է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում հրապարակված փաստաթղթում։

Եվս մեկ համատեղ հռչակագիր ընդունվել է 2017թ.-ի սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում։ Դրանում նշվում էր, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները միշտ կողք կողքի են ապրելու, ուստի նրանք այլ հեռանկար չունեն, բացի խաղաղությունից և համագործակցությունից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է հղել Փաշինյանին և Ալիևին

«Կոչ եմ անում չենթարկվել այն ուժերի սադրանքներին, որոնց ձեռնտու է Կովկասում լարվածության ուժեղացումը։ Նոր պատերազմը Կովկասում անխուսափելիորեն իր կողմը կգրավի զանազան ահաբեկիչների և ծայրահեղականների, որոնք տարածաշրջանը երկար ժամանակով կզրկեն խաղաղությունից և հանդարտությունից»,-կարծում է հոգևորականը։

Նրա խոսքով` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուս ուղղափառ եկեղեցու բազմամյա խաղաղապահ գործունեությունը եռակողմ երկխոսություններում իրեն թույլ է տալիս դիմել Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդներին:

«Խնդրում եմ ձեզ, սիրելի եղբայրներ, պահպանել այն ձեռքբերումները, որոնք մեզ հաջողվել է ամրապնդել եղբայրական հանդիպումների ընթացքում: Ռուս ուղղափառ եկեղեցին ջերմեռանդորեն աղոթում է, որ հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի։ Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի եղբայրական ժողովուրդներն իրենց մեջ ուժ և իմաստնություն կգտնեն թշնամանքը դադարեցնելու, անվստահության աստիճանը նվազեցնելու և բաժանող խնդիրների հարցում փոխընդունելի լուծումների հասնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Քիմ Քարդաշյանը կոչ է արել զսպել Ադրբեջանին

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել