Հարվածը եղել է կրկին ցավոտ տեղին. նախագահը կօգնի Գյումրիում անձրևից տուժած ընտանիքներին

Նախագահի աշխատակազմի կողմից արդեն իսկ ծրագրվել են և ընթացքի մեջ են Գյումրիում անձրևից տուժած ընտանիքներին աջակցության որոշակի ծրագրեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև աշխատանքային այցով եղել է Գյումրիում՝ ծանոթանալու հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ 

«Այնպիսի տպավորություն է, որ հարվածը եղել է կրկին ցավոտ տեղին, տուժել են այն մարդիկ, որ ապրում են տնակներում: Այդ մարդիկ այսօր դժվար վիճակի մեջ են և չենք կարող նրանց խնդիրներն անտեսել» ,-նշել է նախագահը:

Հարվածը եղել է կրկին ցավոտ տեղին. նախագահը կօգնի Գյումրիում անձրևից տուժած ընտանիքներին

Սարգսյանն ասել է, որ իր հանձնարարությամբ նախագահի աշխատակազմի կողմից արդեն իսկ ծրագրվել են և ընթացքի մեջ են տուժած ընտանիքներին աջակցելու որոշակի ծրագրեր: Մասնավորապես, այդ ընտանիքների համար ձեռք է բերվել կենցաղային տեխնիկա, որը շուտով կհանձնվի հասցեատերերին:

Սարգսյանն ասել է, որ նման բարդ իրավիճակում հայտնված որևէ մեկն անտեսված չպետք է լինի։

Նախագահը մարզային և քաղաքային իշխանություններին հորդորել է ավելի պատրաստված լինել, ենթակառուցվածքները վերանորոգելիս կամ նորը կառուցելիս հաշվի առնել նաև նման տարերային աղետների հավանականությունը:

Հարվածը եղել է կրկին ցավոտ տեղին. նախագահը կօգնի Գյումրիում անձրևից տուժած ընտանիքներին

Անդրադարձ է կատարվել նաև մեծ մտածող, փիլիսոփա, ծնունդով գյումրեցի Գեորգի Գուրջիևի այգի, գուրջիևյան միջավայր ստեղծելու` նախագահական նախաձեռնությանը։

«Նման բան մեկ էլ 170 տարի առաջ էր եղել». Գյումրիում հաշվարկվում են աղետի պատճառած վնասները

Սարգսյանը նշել է, որ ծրագրի իրագործումը նպաստելու է քաղաքի զարգացմանը թե՛ զբոսաշրջային, թե՛ մշակութային ու սոցիալ-տնտեսական ուղղություններով: Նշված ծրագրի իրականացման համար դիտարկվում է Գյումրու Կարսի խճուղու վրա գտնվող նախկին զորամասի տարածքը:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Շիրակի մի շարք համայքներում հորդառատ անձրև ու կարկուտ էր տեղացել։ Այն կաթվածահար էր արել Գյումրու երթևեկությունը:

Անձրևի պատճառով հատկապես դժվարանցանելի էին դարձել քաղաք մտնող ճանապարհներն ու կենտրոնական փողոցները։ Տներն ու նկուղները ջուր էին լցվել։