Մոսկվայի ոստիկանությունը քրգործեր է հարուցել հայերի ու ադրբեջանցիների բախումներից հետո

Ոստիկանության հայտարարության մեջ նշված է, որ հասարակական կարգի խախտման ցանկացած դրսևորում անհապաղ կկանխվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները քրեական գործեր են հարուցել խուլիգանական գործողությունների ու ավազակության փաստերով։ Տեղեկությունը հայտնում է Մոսկվայի ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Մոսկվայի Մարյինո շրջանում քաղաքացիների միջև մի շարք բախումներ են գրանցվել, որոնցից մեկի ժամանակ մի տղամարդ մարմնական վնասվածքներ է ստացել, վնասվել է մեքենան, որից մեջ եղել է նա։ Նաև անհայտ անձիք սրճարանի տարածքում, սպառնալով այցելուներին ու աշխատողներին, դրամարկղից 50 հազար ռուբլի են գողացել, վնասել գույքն ու հեռացել դեպքի վայրից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանության ու Ռոսգվարդիայի աշխատակիցները հակաիրավական գործողություններ կատարելու կասկածանքով ավելի քան 25 մարդու են ձերբակալել։ Քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 213 և 162 հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։

Դեսպան Տողանյանը դիմել է Ռուսաստանում բնակվող հայաստանցիներին

Այս պահին քննչական գործողություններ ու օպերատիվ միջոցառումներ են իրականացվում դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Փաստերը վկայում են` բախումներն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից. ՀՀ ԱԳՆ

«Մենք մեր հերթին հայտնում ենք, որ Մոսկվայի ոստիկանությունն անհապաղ կանխելու է հասարակական կարգի խմբային խախտման ցանկացած դրսևորում, իրավախախտները պատժի են ենթարկվելու օրենքով սահմանված կարգով։ Բացի այդ, ՌԴ միգրացիոն օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կարող են կիրառվել միջոցներ, որոնք կապված են մինչև հինգ տարով Ռուսաստանի Դաշնություն մուտքն արգելելու հետ», - նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` այսօր համացանցում տեսանյութեր են տարածվել ադրբեջանցիների գիշերային հարձակումների մասին։ Տեսանյութերից մեկում մի խումբ ադրբեջանցիներ ծեծում են հայկական համարանիշով մեքենայում գտնվող տղամարդուն, մյուս տեսանյութում ոտքերով հարվածում են տարեց տղամարդուն ու հարցնում` ո՞ւմն է Ղարաբաղը։ Տեղեկություն կա, որ հայերից մեկին հարվածել են դանակով։

Հայերի և ադրբեջանցիների բախումները սպառնում են Ռուսաստանի ներքին կայունությանը․ Արեշև