Անընդունելի է Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքը. Չեխիայի փոխարտգործնախարար

Ավետ Ադոնցի հետ հեռախոսազրույցի ժամանակ չեխ գործընկերը հայտնել է, որ Ադրբեջանի սպառնալիքներն անընդունելի են, և խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքները։ Խմելարժը նման կարծիք է հայտնել ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել

«Ադոնցը ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի վրա կրակոցները։ Նա հայտնել է նաև, որ Ադրբեջանը սպառնացել է Մեծամորի ատոմակայանը ռմբակոծել, ինչը սպառնում է ողջ տարածաշրջանի խաղաղ բնակչությանը: Ալեշ Խմելարժն իր հերթին նշել է, որ նման սպառնալիքներն անընդունելի են, և խնդիրները պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով»,–նշված է ԱԳն հայտարարության մեջ։

Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է լարվածության հետագա աճից զերծ մնալու, կառուցողական բանակցային դաշտ վերադառնալու և խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու կարևորությունը: Այդ համատեքստում նա կարևորել է ՀՀ ԱԳ նախարարի՝ ԵՄ Բարձր ներկայացուցչի հետ ունեցած հեռախոսազրույցը և դրան հետևած հայտարարությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել էր` կարծում է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն անփոխարինելի դեր ունի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Բաքուն սպառնացել է հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել