ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է Ուկրաինայի և այլ երկրների հայերի դեմ արած ապօրինի գործողությունները։ Տեղեկությունը նշված է Facebook-ում հրապարակված հայտարարության մեջ։
Գիշերը Կիևում ադրբեջանցիները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել «Սևան» ու «Նոյյան տապան» հայկական սրճարանների վրա, ինչի հետևանքով «Նոյյան տապանը» գրեթե ամբողջովին այրվել է։
«Ուկրաինայում և այլ երկրներում հայերի դեմ գործած ապօրինի գործողությունների հետ կապված կոչ ենք անում ավելի զգոն լինել ու սադրանքների չենթարկվել», - նշված է հաղորդագրության մեջ։
Վորոնեժում Ադրբեջանի դրոշներով ապօրինի ավտոերթի մասնակիցները պատժվել են
Նշվում է, որ այդ անկարգությունները նպատակ ունեն ներքաշել հայկական համայնքին Ուկրաինայում ազգամիջյան հակամարտության մեջ։ Ուկրաինայի հայերի միությունը կոչ է անում հայերի նկատմամբ ազգային հատկանիշով գործած ապօրինի գործողությունների ականատեսներին շտապ հայտնել այս մասին իրավապահ մարմիններին ու Միության կենտրոնական գրասենյակ։
Ռուսաստանում և այլ երկրներում հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտերից հետո։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։