ՀՀ–ում 2230 երեխա է վարակվել կորոնավիրուսով. մեծ մասը եղել են Երևանից

Հայաստանում կորոնավիրւսով վարակված երեխաներից 1231-ը տղաներ են, իսկ 999-ը` աղջիկներ։ Նրանց թվում նաև օտարերկրյա քաղաքացիներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ: Ամենափոքր պացիենտը նորածնային տարիքի է` 28 օրական: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»` հղում անելով ՀՀ առողջապահության նախարարությանը։

«Երեխաներից 1134-ի վիճակը գնահատվել է թեթև կամ միջին ծանրության, 12-ը՝ ծանր, 1-ը` ծայրահեղ ծանր: Թոքաբորբ ախտորոշվել է 158 երեխայի մոտ, անախտանիշ դեպքերը 925-ն են: Երեխաներից 1231-ը տղաներ են, իսկ 999-ը` աղջիկներ»,–գրում է կայքը:

Հուլիսի 17-ի դրությամբ առողջացել է 1665 երեխա:

COVID-19 վարակված երեխաներն ամենաշատը եղել են Երևանից՝ 1125։ Վայոց Ձորում գրանցվել է 29, Կոտայքում` 266, Տավուշում` 33, Շիրակում` 105, Լոռիում` 54, Արարատում` 146, Արագածոտնում` 74, Սյունիքում` 31, Արմավիրում` 131, Գեղարքունիքում` 165 դեպք։

Կորոնավիրւսով վարակված երեխաներից 71-ն օտարերկրյա քաղաքացիներ են։

Հայաստանում հուլիսի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36 613 դեպք, 25 734-ն առողջացել են, 692-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 9 969 պացիենտ: