Գեղարքունիքի մարզպետն առաջարկում է խելացի քայլ անել` բանակին սիգ մատակարարել

Սիգը էկոլոգիապես շատ մաքուր ու օգտակար ձուկ է, մարզպետը կարծում է, որ շատ լավ կլինի` սառեցված ձկան փոխարեն զինծառայողները սիգ ուտեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր Սևանի ափին կազմակերպված մամուլի ասուլիսում անդրադարձավ Սևանում սիգի որսն արտոնելու որոշմանը, որը կայացրել էր կառավարությունը։

«Խոստովանում եմ, որ մեր աշխատանքները բավարար չեն». Գեղարքունիքի մարզպետ

«Մենք գիտակցված գնում ենք ձկան որսի կարգավորման, որովհետև արգելել մի բան, որը բացահայտ կա, և ուղղակի աչք փակել դրա վրա, չի կարելի»,– ասաց նա:

Այս օրերին «Սևան» ազգային պարկն ու Շրջակա միջավայրի նախարարությունը սիգի որսով զբաղվել ցանկացողներից ընդունում են հայտեր՝ մրցույթներ անցկացնելու համար:

Այս տարի ավելի շատ ջրառ է իրականացվել Սևանից. Ջրային կոմիտեի նախագահ

Հաղթողները Սևանի սիգի որս կատարելու իրավունք կստանան, բայց միայն սահմանված բոլոր բնապահպանական չափորոշիչների պահպանմամբ:

Ինչ վերաբերում է որսված ձկան իրացմանը, Սանոսյանն առաջարկում է Սևանի սիգի մատակարարում իրականացնել բանակին:

«Մենք կարող ենք առաջին խելացի քայլն անել՝ բանակին մատակարարվող սննդի մեջ ներառել սիգը: Այն էկոլոգիապես շատ մաքուր ու օգտակար ձուկ է, և շատ լավ կլինի, որ սառեցված ձկան փոխարեն մենք կարողանանք բանակին սիգ մատակարարել»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին կառավարության նիստում ընդունված որոշմամբ 15 տարվա արգելքից հետո թույլատրվեց Սևանում սիգի որսը:

Սևանի արևելյան ափի ավտոճանապարհը վերջին անգամ կապիտալ վերանորոգվել էր 1974 թ-ին. մարզպետ

Այս տարվա համար 200 տոննա որս է արտոնվել: Այս չափաքանակը սահմանվել է ՀՀ ԳԱԱ ձկնաբանության ու հիդրոէկոլոգիայի ինստիտուտի հետ համատեղ ուսումնասիրության արդյունքում:

Բանն այն է, որ անցած տարի իրականացված ձկնապաշարների գնահատման արդյունքում պարզվել էր, որ շուրջ 2600 տոննա ընդհանուր սիգի պաշար ունենք Սևանա լճում, որից շուրջ 600 տոննան սեռահասուն է: Ելնելով սրանից՝ ակադեմիան խորհուրդ է տվել, որ շուրջ 200 տոննան կարելի է որսալ:

500 գրամից փոքր չափի սիգի որսը Սևանում արգելված է լինելու: Մանրաձկան որսի համար ձկնորսները պատասխանատվության կենթարկվեն:

Յուրաքանչյուր 1 կգ սիգի համար ձկնորսները կվճարեն 65 դրամ բնօգտագործման վճար: Որսի վերահսկողության համար ձկնորսները լիճ կկարողանան մուտք գործել միայն լճի ափերին տեղադրվող 17 անցակետերից: Նրանք կգրանցվեն, կստուգեն նրանց լողամիջոցների ու ձկնորսական պարագաների՝ սահմանված չափանիշներին համապատասխանությունը, իսկ լճից դուրս գալուց հետո՝ որսված ձկան տեսակներն ու ընդհանուր քաշը:

Սիգի որսը կթույլատրվի մինչև հոկտեմբերի 1-ը: Դրանից հետո անգամ թույլտվություն ունեցող ձկնորսների մուտքը լիճ կարգելվի:

Սևանի սիգը պետք է թանկացնել, արտահանումը` արգելել