Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննվել է. հայտնի է նրա կարգավիճակը

ՀՀ քննչական կոմիտեն Sputnik Արմենիային հայտնել է, թե որ քրեական գործի շրջանակում է հարցաքննվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, հարցաքննվել է «Պարտեզ» ռեստորանի մոտ 2019-ի հունվարին տեղի ունեցած միջադեպի գործով։ Sputnik Արմենիային լուրը հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակում»,–հայտնեցին ՔԿ մամուլի ծառայությունից։

Նշենք, որ Նվեր Ծառուկյանը հարցաքննության էր հրավիրվել հունիսին, սակայն նա կորոնավիրուսով էր վարակվել, և վերջինիս փաստաբանը գրությամբ տեղեկացրել էր, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ։

«Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է ևս 4 անձ

Հիշեցնենք՝ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, սպանության գործով վկա է։

2019 թվականի հունվարի 29-ին, ժամը 01:30-ի սահմանում ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականունով Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում զինված միջադեպի հետևանքով վնասվածք էին ստացել 8 անձ։ Նրանցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 30-ամյա Արտաշես Գևորգյանը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր։ Դեպքի մասնակիցներից Ջիվան Հարությունյանը 13 օր անց դարձել էր միջադեպի երկրորդ զոհը։

Դեպքից մեկ օր անց` հունվարի 30-ին, ՀՀ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության համաձայն, ՀՀ այն ժամանակվա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։

Փորձում են կոծկե՞լ. «Պարտեզում» սպանված Ջիվանի հարազատները պահանջում են գտնել կազմակերպչին