Տավուշում չպայթած ականները կվնասազերծվեն

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետները աշխատանքները սկսել են Չինարի գյուղից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետները երեկ ուղևորվել են Տավուշ՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։

«Ուշ երեկոյան աշխատանքային խորհրդակցություն է կազմակերպվել ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ։ Այսօր վաղ առավոտյան խումբը մեկնել է Չինարի գյուղ։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

«Սիրուն է, չէ՞». Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է խոցված ԱԹՍ–ի լուսանկարները

Հուլիսի 23-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել