Տավուշում եռյակ է ծնվել. ծնողներն արդեն որոշել են փոքրիկների անունները

Մեկ աղջիկ և երկու տղա լույս աշխարհ բերած երիտասարդ մայրիկը Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Հեղինե Գրիգորյանը եռյակ է լույս աշխարհ բերել։ Լուրը հրապարակվել է գյուղի ֆեյսբուքյան էջում։ Sputnik Արմենիան զրուցել է նրա բարեկամուհու` Գայանե Կլեկչյանի հետ։

«Մայրիկն ու փոքրիկներն իրենց լավ են զգում, երեխաները նույնիսկ «ակվարիումի» կարիք չունեն։ Եռյակներից մեկն աղջիկ է, երկուսը` տղա։ Տղաները ծնվել են 1.9 և 1.7 կգ քաշով, աղջիկը` 1.5։ Լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով»,– ասաց նա։

26-ամյա Հեղինեն ծնվել է Տավուշ գյուղում, երեք տարի առաջ հարս է գնացել Չինչին։ Սա նրա առաջին ծննդաբերությունն է։

«Հեղինեենց ցեղում երկվորյակներ ծնվել են, բայց եռյակն առաջին դեպքն է»,– ասաց Գայանեն։

Նրա խոսքով` արդեն որոշել են նաև փոքրիկների անունները` Ռոզա, Ալեքս և Արեն։

Sputnik Արմենիան շնորհավորում է երիտասարդ մայրիկին, առողջություն ու անհոգ մանկություն մաղթում նորածիններին։