«Թաքնված հեկտարների» հայտնաբերումից մինչև փակ աչքերով ոռոգում. ոլորտի խնդիրները

Ջրային կոմիտեի նախագահը հայտնել է, թե ոռոգման սեզոնին ընդառաջ ինչ աշխատանքներ են կատարել, ինչ խնդիրներ կան ոլորտում։ Նա անդրադարձել է առաջիկայում ջրագծերի վերանորոգման աշխատանքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. 2020-ի ոռոգման սեզոնին ընդառաջ 15 ջրօգտագործողներ 6400 կմ ոռոգման համակարգերի վերանորոգման և մաքրման աշխատանքներ են իրականացրել։  Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց  Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը` անդրադառնալով ոռոգման ոլորտում արված աշխատանքներին և առկա խնդիրներին։

«Բացի այդ, ոռոգման սեզոնին ընդառաջ ջրօգտագործողները  1000 պոմպակայանների, փականների ձեռքբերման աշխատանքներ են կատարել»,–ասաց Սարգսյանը։

«Թաքնված հեկտարների» հայտնաբերումից մինչև փակ աչքերով ոռոգում. ոլորտի խնդիրները

Անդրադառնալով ոռոգման ոլորտում առկա խնդիրներին` Սարգսյանը հայտնեց, որ դրանք հիմնականում կապված են ոռոգման համակարգերի հետ, որոնք նախորդ դարի կեսերին են կառուցվել։ Նրա խոսքով` ոռոգման առումով հիմնական խնդիրները նաև տեխնիկական են` երբեմն խնդրի առաջ են կանգնում, քանի որ ջրօգտագործողների ընկերությունը ոռոգման սեզոն մտնելուց է միայն իմանում` ջրօգտագործողն ինչքան հող է մշակում։

«Եթե ջրօգտագործողները ժամանակին ներկայացնեն իրենց հայտերը, կկարողանան ավելի լավ կազմակերպել աշխատանքները։ Հիմա ՋՕ ընկերությունները փակ աչքերով են մտնում ոռոգման փուլ»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` այս տարի պայմանագրերի կնքման հետ կապված էլ խնդիր առաջացավ, որը պայմանավորված էր կորոնավիրուսի հետ։ ՋՕ ընկերությունները չէին կարող անձամբ գնալ, շփվել ջրօգտագործողի հետ ու պայմանագիր կնքել. խնդիրը լուծել են մարզպետարանների, համայնքապետարանների հետ համագործակցելով։

Ինչ վերաբերում է ջրօգտագործողներին տրամադրած ջրի քանակին, ապա եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում տրվել է 187.5 մլն խմ ջուր, ապա այս տարի 5 մլն խմ ջուր ավելի է տրամադրվել։ Սարգսյանը հայտնեց` այս տարի 114 500 ջրօգտագործողների հետ պայմանագիր են կնքել և 80 000 հա տարածքում ոռոգում են իրականացնում, և ոռոգվող հողատարածքները  3500-5000 հեկտար ավելին է, քան նախորդ տարի։

Սևանը կրկին կանաչել է. ինչ նոր խնդիրներ է «խոստանում» մոտեցող շոգը լճին

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ ոռոգման ընթացքում «թաքնված հեկտարներ» են ի հայտ բերում. այս տարի, օրինակ, 500-700 հեկտար են բացահայտել։ «Թաքնված հեկտարները» բացահայտվում են, երբ ջրօգտագործողը քիչ տարածության համար անհրաժեշտ քանակից ավելի շատ են ջուր օգտագործում։

Կանաչապատման միջոցները կրճատվել են, բայց ոռոգման ցանցը չի բարելավվել. Խաժակյանի փաստերը

Անդրադառնալով գալիք ծրագրերին` Սարգսյանը հայտնեց, որ 7 մարզերի 105 համայնքներում 260 կմ ջրագծերի ներտնտեսային և միջտնտեսային համակարգերի նորոգում և կառուցում կիրականացվեն։ Դրանցով մեծամասամբ մեխանիկականից անցում կկատարվի ինքնահոս համակարգի, որի միջոցով հնարավոր կլինի ջրի կորուստների նվազում ունենալ, ինչպես նաև էլեկտրաէներգիա խնայել։