«Սորոսականներն» անցումային արդարադատության ամբողջական առաջարկ կներկայացնեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթն այսօրվա իր համարում անդրադարձել է դատաիրավական ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության` առաջ մղվող թեզին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. «Չնայած առողջապահական և սահմանային լարվածությանը՝ մեր երկրում որոշ շրջանակներ շարունակում են հաստատակամորեն առաջ տանել ՀՀ դատաիրավական ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության թեզը»,–իր այսօրվա համարում գրում է «Փաստ» թերթը։

Փաշինյանը նրանց հույսերը չի՞ արդարացրել, կամ ինչո՞ւ են աղմկում «սորոսականները»

Մասնավորաբար թերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ-ում ակտիվ գործունեություն ծավալող, այսպես կոչված, սորոսական շրջանակները շարունակում են ակտիվորեն քննարկել անցումային արդարադատության հետ կապված տարբեր դրույթներ և մտադիր են այն ամեն գնով կյանքի կոչել։

«Նրանք պատրաստվում են մեկ նոր՝ ամբողջական առաջարկ ներկայացնել ՀՀ իշխանություններին և հերթական անգամ համոզել, որ անցումային արդարադատությունը երկրի համար ունի առանցքային կարևորություն»,–գրում է թերթը։

«Փաստի» աղբյուրը փոխանցել է նաև, որ, այսպես կոչված, սորոսականների համար առաջնային է այն գաղափարը, ըստ որի՝ «անցումային արդարադատությունը սովորական արդարադատություն չէ, դա արդարության վերականգնման արդարադատություն է»։

«Իրենց կողմից առաջ քաշված տեսության մեջ անցումային արդարադատության հետ կապված հիմնական թեման վերաբերում է «պետության զավթման» թեզին, որն այդ շրջանակի համար ունի գերկարևոր նշանակություն»,–գրում է թերթը։

Թերթի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված փաստահավաք խմբի գաղափարի «կնքահայրը» հիշյալ հիմնադրամի ներկայացուցիչներն են։ Վերջին մի քանի շաբաթներին նրանք մի քանի հանդիպումներ ու տեսակոնֆերանսներ են կազմակերպել և այս գաղափարները հերթական անգամ վերահաստատել:

Արդարադատության նախարարության համար Սորոսի հիմնադրամի հայտարարությունն անբացատրելի է

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ենթադրում է, որ ՀՀ ներկա ու նախկին (1990թ-ից սկսած) պաշտոնյաների` 25 մլն դրամը կամ 50 000 դոլարը գերազանցող գույքը կհամարվի պոտենցիալ ապօրինի ձեռք բերված։

Ուստի պաշտոնյաները ստիպված կլինեն հիմնավորել իրենց ձեռք բերած թանկարժեք գույքի օրինական ծագումը։

Օրենքը ՀՀ շարքային քաղաքացիների նկատմամբ կիրառելի չէ, դրա շահառուները լինելու են բացառապես նախկին ու ներկա պաշտոնյաները։