Մոսկվան մեծ դերակատարում է ունեցել. Փաշինյանը` սահմանին հրադադարի վերականգման մասին

Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլև ավելի մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Մոսկվան մեծ դերակատարում է ունեցել հայ–ադրբեջանական սահմանին հրադադարի վերականգման հարցում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով միջազգային հանրության արձագանքի մասին։

Մինսկի խմբի դերն անփոխարինելի է. Մնացականյանը` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին

«Հրադադարի վերականգնման գործում հատկապես մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու նրանց երկրները: Այս տեսակետից հատկապես արդյունավետ էր ՌԴ ներգրավումը՝ ԱԳՆ-ի ու ԶՈՒ ԳՇ-ի մակարդակով: Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլև ավելի մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր»,- արձանագրեց ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով`տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության ու ավանդական հակահայկական դիրքորոշումը հաշվի առնելով, սա, ըստ էության անակնկալ չէր:

Փաշինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ միջազգային հանրության բոլոր հայտարարություններն ուղղված էին կողմերին հանդարտեցնելուն:

Հայկական կողմը վերլուծում է Ադրբեջանի մարտավարությունը. ՊՆ

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 23-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել