ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի –Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն այսօր քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած բռնության էսկալացիայի հետ կապված ռուսական կողմը շեշտադրում է արել կշռադատված մոտեցումներ դրսևորելու ու հակամարտության մեջ ներգրավված կողմերի վրա զսպող ազդություն գործելու անհրաժեշտության վրա` իրավիճակի հետագա սրացումը թույլ չտալու, հայ–ադրբեջանական սահմանին անվտանգությունն ապահովելու և ԼՂՀ կարգավորմանն ուղղված ջանքերն ակտիվացնելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանում կայունություն հաստատելու շահերից ելնելով` Մոսկվայի և Անկարայի միջև զարգացնել փոխգործակցությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Բանակցային գործընթացը փակուղի է մտել. ինչ պետք է անի Հայաստանը
Անդրադարձ է կատարվել նաև օրակարգի մի շարք այլ հարցերի։
«Ընդգծվել է կորոնավիրուսային վարակի տարածման տեմպերի նվազմանը զուգահեռ շփումների վերսկսման կարևորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու ռուս–թուրքական երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ», – գրված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հավելել է, որ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն հաստատել են կարծիքների հետագա փոխանակման անհրաժեշտությունը` Լիբիայում իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղիների, մարտական գործողությունների դադարեցման և ՄԱԿ–ի մասնակցությամբ միջլիբիական երկխոսության հաստատման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Թուրքիան իր հերթին իր անվերապահ աջակցությունն էր հայտնել «եղբայրական Ադրբեջանին»։
Հուլիսի 23-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։