Հայկական կողմը վերլուծում է Ադրբեջանի մարտավարությունը. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակը հայտնել է, թե ինչ ուսումնասիրություններ են իրականացվում ՀՕՊ վարժանքների ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակն ամբողջությամբ փաստագրվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Եվ այժմ ընթացող ՀՕՊ վարժանքների շրջանակներում արտապլանային կարգով իրականացվում են օբյեկտիվ հսկման միջոցների արխիվների ուսումնասիրություններ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ըստ Ստեփանյանի` հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը և հայկական ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 23-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Այսօր մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները։ Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով։