Եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարազատների դիմումը

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է տեղեկություն տրամադրել Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի, պայմանների, առողջական վիճակի մասին, ապահովել նրա կապը հարազատների ու Հայաստանի իշխանությունների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Եվրոպական դատարանը հուլիսի 22-ին բավարարել է Ադրբեջանի Հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։

Դիմումը ներկայացվել էր Նարեկ Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից հուլիսի 19-ին Արտակ Զեյնալյանի ու Արայիկ Ղազարյանի միջոցով:

Դիմումատուները Մարդու իրավունքների եվրոպական դատարանից պահանջում էին հրատապ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ` Նարեկ Սարդարյանի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը ապահովելու համար:

Բացի այդ, ՄԻԵԴ-ի միջամտությամբ հարազատներն Ադրբեջանից պահանջում են տեղեկություններ հայտնել նրա գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին, միջոցներ ձեռնարկել ընտանիքի հետ նրա կապն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև կազմակերպել Նարեկ Սարդարյանի վերադարձը Հայաստան:

Դիմումում նշվում էր նաև, որ Ադրբեջանում քրեական գործ հարուցված լինելու դեպքում դիմումատուներին ուղարկվեն քրեական գործի նյութերը։

Բավարարելով Սարդարյանի հարազատների դիմումը՝ ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է ձեռնարկել հետևյալ միջոցները. տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների, առողջական վիճակի մասին՝ հաստատված բժշկական տեղեկանքով, եթե այդպիսիք կան և հայտնել՝ արդյոք բժշկական հետազոտությունն իրականացվել է անկախ մասնագետի կողմից:

Ադրբեջանից նաև տեղեկություններ են պահանջվել քրեական գործի հարուցված լինել-չլինելու մասին, հարուցված լինելու դեպքում տրամադրել բոլոր մանրամասներն ու փաստաթղթերը` ներառյալ նրան առաջադրված մեղադրանքի մասին տեղեկությունները:

«Գնում եմ կովերի հետևից». 30-ամյա Նարեկը ճանապարհ է ընկել դեպի ձորն ու չի վերադարձել

ՄԻԵԴ-ը պահանջել է հայտնել նաև՝ նշանակվել է արդյոք փաստաբան, արդյոք Նարեկ Սարգսյանը հնարավորություն ունի շփվելու իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ:

Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին մենք հայտնել էինք, որ 30-ամյա Նարեկը հուլիսի 8-ին ֆերմայից դուրս է եկել, գնացել արոտավայր և չի վերադարձել։

Ներքին Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ տեղանքը նորություն չէ Նարեկի համար։

Ձորում 4 տեղ կա արոտի համար, որոնցից մեկն էլ ուղևորվել է նա։ Մյուսներում նրա հորեղբոր տղաներն են եղել։ Ճանապարհին գյուղացիները տեսել են Նարեկին, ասել է` գնում եմ կովերի հետևից։

Համայնքի ղեկավարը հայտնել էր նաև, որ Նարեկ Սարդարյանը հոգեկան առողջության որևէ խնդիր չուներ։

Հուլիսի 15-ին Ադրբեջանը տեսանյութ հրապարակեց, որտեղ Նարեկ Սարդարյանն իբր խնդրում է Ադրբեջանի քաղաքացիություն տալ իրեն կամ ուղարկել երրորդ երկիր։

Ադրբեջանի տարածքում հայտնված Նարեկ Սարդարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է Կարմիր Խաչին