Բանակցությունն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջման. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում կետ առ կետ ներկայացրեց Ադրբեջանի վերջին ռազմական ոտնձգություններից հետո հայկական կողմի մոտ ամրապնդված դիրքորոշումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ ՀՀ սահմանների նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ոտնձգություններն էլ ավելի ամրապնդեցին ԼՂ կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը:

Մոսկվան մեծ դերակատարում է ունեցել. Փաշինյանը` սահմանին հրադադարի վերականգման մասին

«Չենք կարող անտեսել այն փաստը, որ 2016թ-ի ապրիլից հետո Ադրբեջանը երկրորդ անգամ ուժ կիրառեց այն դեպքում, երբ առկա էր խաղաղ գործընթաց, երբ առկա էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից: Ադրբեջանն ուժ կիրառեց այն պահին, երբ ողջ աշխարհն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնում է մարդկությանը պատուհասած համաշխարհային համավարակի դեմ պայքարում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև մի քանի կետերով շարադրեց այն մոտեցումները, որոնք ձևավորվեցին ու ամրապնդվեցին վերջին իրադարձությունների գնահատման արդյունքում:

Դրանցից առաջինն, ըստ վարչապետի, այն է, որ անհրաժեշտություն կա էլ ավելի ամրապնդելու Հայաստանի ու Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը:

«Երկրորդ՝ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ: Երրորդ՝ Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ: Չորրորդ` բանակցությունները պետք է լինեն իմաստալից: Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է, իմաստազրկում են բանակցային գործընթացը»,- ասաց Փաշինյանը՝ հավելով, որ բանակցություններն իմաստ ունեն միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնելու իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման:

Ադրբեջանական միֆը, թե իրենց բանակը կարող է հաղթել հայկականին, հօդս ցնդեց. Փաշինյան

Վարչապետը նաև ավելացրեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման, և Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգությունը որևէ պարագայում չեն կարող զիջվել:

Իր ելույթի հաջորդ հատվածում Փաշինյանը շեշտեց, որ Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ միջազգային հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կոորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ:

Ինչ վերաբերում է հրադադարի պահպանման մոնիթորինգին, այն, Փաշինյանի դիտարկմամբ, փաստացի խիստ սահմանափակ է: Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը:

«Նմանօրինակ մոնիթորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն և կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում՝ թե՛ պետական սահմանին և թե՛ շփման գծում»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը անհրաժեշտ համարեց նաև զինվորականների միջև տեղում ուղիղ կապի ապահովումը՝ որպես սահմանային միջադեպերը կանխելու և պարզաբանելու ուղղությամբ արդյունավետ գործիք:

Ելույթի վերջին՝ 8-րդ կետով ՀՀ վարչապետն արձանագրեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և վճռականորեն մերժելու է հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը: