«Կիկոսի մահի ենթադրություններով» չի խոսի. երբ է Զոհրաբյանը վերջին անգամ տեսել Բագրատյանին

Նաիրա Զոհրաբյանի խոսքով ՝ պետք չէ հապճեպ եզրակացություններ անել և ԲՀԿ գրասենյակում ԱԱԾ –ի խուզարկությունները կապել Սերգեյ Բագրատյանի` խմբակցությունից հեռանալու հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արդեն նախկին անդամ Սերգեյ Բագրատյանը վերջին մեկ ամսվա ընթացքում գրեթե չի շփվել կուսակցության և խմբակցության գործընկերների հետ: Նրա հետ կապ չի եղել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Բագրատյանի՝ խմբակցությունից հեռանալը։

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներից մեկը որոշել է լքել խմբակցությունը

Այսօր հայտնի դարձավ, որ Սերգեյ Բագրատյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հեռանալու մասին։ Թե ինչն է նման որոշման առիթ դարձել, Զոհրաբյանը չի կարող ասել։ Նա նաև չգիտի, թե հիմա որտեղ է Բագրատյանը։ 

Նշենք, որ Բագրատյանի հետ կապ հաստատելու մեր փորձերը ձախողվեցին։

«Ես չեմ կարող ասել պատճառների մասին, քանի որ արդեն մեկ ամիս է` նրա հետ ոչ մի շփում չի եղել։ Պարոն Բագրատյանի հետ նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեինք։ Նա խմբակցության ամենաակտիվ և պրոֆեսիոնալ պատգամավորներից մեկն էր։ Որևէ տարաձայնություն նրա հետ կապված չենք ունեցել ո՛չ կուսակցության ղեկավարությունը, ո՛չ մյուս պատգամավորները», - հավելել է Զոհրաբյանը։

ԱԱԾ–ն ընտրակաշառքի գործով կալանավորել է ԲՀԿ–ական նախկին պատգամավորի

Տեղեկատվության բացակայության պատճառով Զոհրաբյանը չի շտապում Բագրատյանի որոշումը կապել ԱԱԾ–ի կողմից վերջերս կատարված ստուգումների և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա որոշ համախոհների դեմ քրեական գործ հարուցելու հետ:

Զոհրաբյանը նպատակահարմար չի գտնում գնալ «Կիկոսի մահի ենթադրություններով», քանի դեռ Բագրատյանի կողմից պարզաբանումներ չեն ստացվել։ Նա վստահեցրեց, որ ԲՀԿ–ում պատգամավորի հեռանալը նախապես չի քննարկվել:

Ինչպես հայտնի է` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև ընտրողներին կաշառելու և խոշոր հողատարածքներ յուրացնելու մեջ։

ԲՀԿ-ի համար անակնկալ էր Բագրատյանի որոշումը

Հունիսին նրա առանձնատանը խուզարկություններ իրականացրին ԱԱԾ աշխատակիցները, իսկ խորհրդարանը կողմ քվեարկեց նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին։

Սակայն դատարանը Ծառուկյանին դեռ չի կալանավորել։

Ծառուկյանն իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է համարում, իսկ տեղի ունեցող բոլոր իրավական գործընթացները` քաղաքական հետապնդում։

ԱԱԾ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվեցին Ծառուկյանի համախոհների կողմից գրված ձեռագիր երդումներ, որոնցում նրանք իրենց հավատարմությունն ու նվիրվածությունն էին հայտնում Ծառուկյանին։ Երդումներից մեկի տակ դրված էր նաև Բագրատյանի ստորագրությունը։

Փաշինյանը խոսեց «անգլուխ» մնացած նախարարությունից ու «ղազագիր» գրած քաղաքական գործիչներից

Կատրվածը մեծ արձագանք գտավ հատկապես սոցցանցերում։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարեց, որ շատերի քաղաքական կարիերան, ինչպես պարզվեց, հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանակներում անվանում են «ղազագիր»։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում թվով երկրորդ ուժն է, որի կազմում ընդգրկված են 25 պատգամավոր: