Համբարձում Մաթևոսյանի տեղեկացմամբ՝ դեռ անցած տարվանից մարզպետարանի կողմից ստեղծվել է հանձնաժողով, որը գործում է գյուղատնտեսության և բնապահպանության մարզային վարչության ներքո, և որի աշխատանքներին մասնակցում են նաև համայնքների ղեկավարները, ջուր օգտագործող ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչները:
«Աշխատանքների և ուսումնասիրությունների արդյունքում մենք բացահայտել ենք 1700 հողատարածք, ստվերային այգիներ, որոնք բոլորն էլ այս պահի դրությամբ արդեն ունեն համապատասխան պայմանագրեր: Ընթացիկ աշխատանքների համար հանձնաժողովն արդեն ունի պլանային գրաֆիկ, որի համաձայն այցելում է համայնքներ, սերտ համագործակցությամբ աշխատում է նաև ՋՕ-երի, համայնքապետարանների հետ, և պարբերաբար ստուգումների արդյունքում եթե հայտնաբերվում են նմանատիպ խնդիրներ, ապա արձանագրվում են և կնքվում համապատասխան պայմանագրեր՝ հողատերերին բերելով օրինական դաշտ»,- նշում է Արմավիրի մարզպետը:
Մաթևոսյանի փոխանցմամբ՝ նոր այգիներ են հիմնվել մարզում, իսկ այն տարածքները, որոնք նախկինում ոռոգվում էին, սակայն ֆինանսական միջոցներ չէին ներդրվում դրանք մշակելու համար, հիմա այդ բացը լրացվում է, և արձանագրվել է բավականին լուրջ առաջընթաց: Մարզպետի հավաստմամբ՝ թաքցված հեկտարների, ստվերային այգիների խնդիրն Արմավիրի մարզում մեծապես լուծված է:
Անդրադառնալով ոռոգման համակարգի խնդիրներին՝ Արմավիրի մարզպետն ընդգծում է, որ հողատարածքների համար համապատասխան պայմանագրեր չունեցողների ոռոգման գրաֆիկը միշտ կխախտվի, հետևաբար, հենց գյուղատնտեսներին է ձեռնտու, որ հենց սկզբից գան և պայմանագիր կնքեն՝ վստահ լինելով, որ որոշակի ժամանակահատվածում որոշակի քանակով ջուր անպայման կստանան:
«Այս տարի ոռոգման հետ կապված ամենամեծ խնդիրն արձանագրվեց Էջմիածնի տարածաշրջանի համայնքներում, սակայն դա ոչ այնքան կապված էր ջրի սակավություն, որքան ՋՕ կառավարման խնդրի հետ: Այժմ Էջմիածնի տարածաշրջանային ՋՕ-ում ունենք նոր ղեկավար, որի պաշտոնավարման ընթացքում լուրջ պրոբլեմներ չեն առաջացել: Ոռոգմանն առնչվող մյուս հանգամանքը կապված է ենթակառուցվածքների հետ, քանի որ ոչ բոլոր համայնքներում դրանք կան, և որոշ դեպքերում ունենում ենք ջրի լուրջ կորուստներ: Իրավիճակը շտկելու ուղղությամբ նույնպես կատարվում են համարժեք աշխատանքներ»,- նշում է մարզպետը։
Այգիներ, մանկապարտեզներ, շենքեր են յուրացրել. Լոռու մարզպետը բացահայտումներ է խոստանում
Համբարձում Մաթևոսյանի տեղեկացմամբ՝ 2020թ.-ի կտրվածքով ոռոգման համակարգի բարելավման համար նախատսված ծրագրերն արդեն ընթացքի մեջ են, նախատեսվում է եվրասիական բանկի ֆինանսական միջոցներով 100 կիլոմետրից մի փոքր ավել ոռոգման ներտնտեսային ցանցերի վերանորոգման աշխատանքներ իրականացնել առնվազն 45 համայնքներում, իսկ մյուս մասն էլ կիրականացվի սուբվենցիոն ծրագրերով:
Ավագյան․ «Ոռոգման ջուրն անջատում են, գնում, լցվում է Թուրքիա»