ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանակցությունները պետք է լինեն իմաստալից:
«Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է, իմաստազրկում են բանակցային գործընթացը»,– ասել է Փաշինյանը՝ հավելով, որ բանակցություններն իմաստ ունեն միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնելու իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման:
Քաղաքագետ Նարեկ Գալստյանի դիտարկմամբ՝ այս պայմաններում չափազանց դժվար կլինի վերսկսել բանակցային գործընթացը՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք, որոնք պետք է լուծվեն, որպեսզի այդ գործընթացը շարունակվի:
«Եթե կողմերի միջև վստահության մթնոլորտն ինչ-որ չափով չէր վերականգնվել դրանից առաջ, և այդ ուղղությամբ կատարվում էին որոշակի քայլեր, ապա այժմ վստահություն ընդհանրապես չկա: Հայկական կողմն արդեն ցանկացած պահի սպասում է, որ Ադրբեջանը կարող է իրականացնել նմանատիպ գործողություններ: Թեև հայկական կողմը երբեք էլ լիարժեքորեն չէր վստահել հակառակորդին, սակայն վերջին ռազմական բախումներից հետո Ադրբեջանի կողմից նշանակալի հարված հասցվեց բանակցային գործընթացին»,- նշում է քաղաքագետը:
Ադրբեջանական միֆը, թե իրենց բանակը կարող է հաղթել հայկականին, հօդս ցնդեց. Փաշինյան
Նարեկ Գալստյանի կարծիքով՝ կա նաև հոգեբանական գործոնը, ըստ որի՝ Ադրբեջանը կրել է բավականին ծանր կորուստներ թե՛ մարդկային ռեսուրսների, թե՛ դիրքային, մարտավարական հենակետեր կորցնելու տեսանկյունից:
Ըստ քաղաքագետի՝ երրորդ հանգամանքն այն է, որ Ադրբեջանի իշխանությունների իմիջը լրջորեն անկում է ապրել սեփական ժողովրդի շրջանում, հետևաբար, դժվար է պատկերացնել, թե այդ երկրի վերնախավն ինչպես է փորձելու համոզել իր հասարակությանը, որ անհրաժեշտ է համակերպվել կորուստների հետ և շարունակել բանակցային գործընթացը:
«Մյուս հանգամանքն այն է, որ ռազմական գործողությունները տեղի են ունեցել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում, հետևաբար, արտերկրում չեն կարող ասել, թե դա չլուծված կոնֆլիկտի տարածք էր, այսինքն՝ միջազգային հանրությունն այստեղ տարածքային առավելություններ կողմերի միջև չի կարող հաշվի առնել, սա ուղղակի հարձակում էր Հայաստանի վրա»,- նշում է քաղաքագետը:
Նարեկ Գալստյանի համոզմամբ՝ մենք պետք է էլ ավելի ուշադիր հետևենք Ադրբեջանի քայլերին:
Ըստ նրա՝ ցավալի է, որ Մինսկի խմբի միջնորդներն այս օրերին համարձակություն չունեցան իրերը կոչելու իրենց անուններով, այդուհանդերձ, նրանք կձեռնարկեն վստահության մթնոլորտը վերականգնելու և բանակցային գործընթացը փակուղուց հանելու քայլեր:
Հայկական կողմը վերլուծում է Ադրբեջանի մարտավարությունը. ՊՆ
Քաղաքագետը նշում է, որ այս ամենից հետո ևս մեկ անգամ արդիական է դարձել շփման գծում և սահմաններին հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների տեղակայումը, ուստի կարծում է, որ հարցին լրջորեն կմոտենան Մինսկի խմբում համանախագահող երկրները:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 23-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։