Անհեթեթ է վախենալ, որ ադրբեջանցիները կարող են հայկական ապրանքի «օդերը» փակել ՌԴ–ում

Export Armenia փորձագիտական ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ռուսաստանյան խանութներից հայկական ապրանքատեսակների «անհետացման» մասին։
Sputnik
Անհեթեթ է վախենալ, որ ադրբեջանցիները կարող են հայկական ապրանքի «օդերը» փակել ՌԴ–ում

Էմիլ Ստեփանյանը կարծում է, որ որքան էլ ադրբեջանական բիզնեսը ազդեցիկ լինի Ռուսաստանի մանրածախ առևտրում, նրանց կարելի է մոռանալ. ՌԴ–ում կան շատ ավելի մեծ շուկաներ, որոնք մինչև վերջ բացահայտված չեն։

«Անհեթեթ է վախենալ, որ ադրբեջանական բիզնեսի խանութները կարող են հայկական ապրանքի օդերը փակել Ռուսաստանում»,– ասաց նա Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով ադրբեջանական կապիտալով ռուսական ցանցերի կողմից հայկական ապրանքների բոյկոտին։ Օրերս հայկական մրգից հրաժարվել էր մոսկովյան «Ֆուդ սիթի» գյուղմթերքի խոշորագույն շուկաներից մեկը, այսօր էլ նման քայլի է դիմել «Твой дом» խանութների ցանցը։

«Ֆուդ Սիթիի» հետ կապված խնդիրը լուծված չէ. դեսպանությունը կոչով դիմել է հայ ներմուծողներին

Ստեփանյանի խոսքով` սա ևս մի դաս էր այն մասին, թե որքանով են հուսալի ադրբեջանցի «գործընկերները»։ «Սակայն իրենց ողջ կարողությամբ, նրանք ռուսական շուկայի մի փոքր մասնիկն են միայն»,– ընդգծեց նա` ավելացնելով, որ Ռուսաստանը չի սահմանափակվում Մոսկվայով, Պետերբուրգով կամ Սոչիով. պետք է սերտացնել կապերը Սիբիրի և Հեռավոր Արևելքի հետ։

Ստեփանյանը, որը խոշոր մսամթերք արտադրող ընկերության կոմերցիոն տնօրենն է, նման հաջող փորձ արդեն ունի։

«Ծիրանային պատերազմ» Մոսկվայում. հայերը գնում են ադրբեջանցիների շուկայից վտարած ողջ ծիրանը