ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. «Միսս տիեզերք 2019» մրցույթում Հայաստանը ներկայացրած Դայանա Դավթյանը վերջին օրերին հայրենասիրական նախաձեռնություն է սկսել։ Նրա հորդորով «Միսս տիեզերք 2019» մրցույթի մասնակից մի քանի երկրների գեղեցկուհիներ հանդես են եկել վերջին օրերին Հայաստանիսահմանին Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի դեմ կոչերով:
Արգենտինայի, Նիգերիայի, Բուլղարիայի, Գուամի, Սալվադորի, Շվեդիայի, Տանզանիայի և Հոնդուրասի ներկայացուցիչներն իրենց սոցիալական կայքերի էջերում «Աջակցում եմ Հայաստանին»/Support Armenia հեշթեգերով լուսանկարներ են հրապարակել:
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Դայանա Դավթյանը պատմեց նախաձեռնության մասին։
«Վերջին օրերին, հետևելով հայ–ադրբեջանական սահմանագոտում տիրող լարված իրավիճակին և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող ագրեսիային, որն ուղեկցվում է հրետակոծություններով, ցանկանում էի այնպիսի նախաձեռնություն իրականացնել, որի շնորհիվ միջազգային հանրության ուշադրությունը կսևեռվեր տասնամյակներ ձգվող կոնֆլիկտի վրա: Չէ՞ որ շատ երկրներ տեղեկություն չունեն Հայաստանի, Արցախի և մեր սահմանին տիրող իրավիճակի մասին: Կարծում եմ՝ հանդիսանալով «Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ՝ կարող եմ մյուս մասնակից աղջիկների օգնությամբ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել մեր խնդրի վրա»,-ասաց Դայանան։
Գեղեցկուհու խոսքով` իր քայլով ցանկանում էր քաջալերել հայ ժողովրդին ու սահմանը պահող քաջ զինվորին։
«Կոչ արեցի «Միսս տիեզերք 2019» մրցույթի մասնակիցներին այս դժվարին պահին իրենց աջակցությունը ցուցաբերել Հայաստանին։ Սկսեցինք տեղեկատվական արշավը, քանի որ գեղեցկուհիներից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ, ընդհուպ 1 միլիոն հետևորդներ»,- ասաց նա։
Չնայած գեղեցկության մրցույթների գաղափարախոսությունները չպետք է առնչվեն քաղաքականությանը, այնուամենայնիվ մասնակիցները կարող են խաղաղության կոչ անել ընդդեմ ագրեսիայի, բռնության ու պատերազմների:
«Սկզբում դիմեցի աղջիկներին նամակով` հակիրճ ներկայացնելով հայ–ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը։ Գեղեցկուհիներից ոմանք փոքր–ինչ տեղյակ էին լարված իրավիճակից, շատերն էլ իրականությունն իմացան իմ նամակի միջոցով։ Ես կոչ արեցի սատարել ճշմարտությանը, իսկ այս պայքարում հայ ժողովուրդն արդար է, ճշմարտությունը մեզ հետ է։ Հասկանում եմ` գեղեցկուհիներից ոմանք չեն ցանկանա կամ իրավունք չեն ունենա հակամարտող երկու երկրներից մեկի կողմը բռնել կամ խառնվել քաղաքական հարցերին, սակայն նրանք, ովքեր արձագանքել են և դեռ շարունակում են արձագանքել, կարծում եմ` մեծ հոգեբանական աջակցություն են ցուցաբերում մեր հայրենակիցներին և զինվորներին: Չէ՞ որ յուրաքանչյուր գեղեցկուհի իր երկրում հանդիսանում է գեղեցկության, բարության և խաղաղության դեսպան»,-նշեց Դայանան:
Հիշեցնենք, որ Դայանան 21 տարեկան է։ Ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Գրաֆիկական դիզայնի բաժինը։