Ադրբեջանի սահմանին հայկական ճարտարապետական ոճով նոր տներ կկառուցվեն անապահովների համար

ՀՀ կառավարությունը մտադիր է վերականգնել հայկական սահմանապահ գյուղերի ազգային նկարագիրը: Նոր տները կհատկացվեն մարզի անապահով ընտանիքներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 Հուլիս — Sputnik. Տավուշի մարզում Ադրբեջանի մարտական գործողություններից տուժած տներից առաջինը պետք է վերականգնվի Չինարի գյուղում վնասված բնակելի տունը: Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը:

Ադրբեջանը 150 մլն դրամի վնաս է հասցրել Տավուշի մարզին

Նա հիշեցրեց, որ ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով տուժած տանը բազմազավակ ընտանիք է բնակվում՝ 10 հոգի, որից 5-ը՝ երեխա:

Ղուլարյանի խոսքով` տան տերն առաջարկել է նոր տունը կառուցել ոչ թե նախկինի տեղում, այլ տնամերձ հողամասի մեկ այլ՝ ավելի անվտանգ հատվածում, ինչի հետ իրենք համաձայնել են:

«Մենք համայնքների ղեկավարներին առաջարկել ենք կատարել հողահատկացման աշխատանքներ, որտեղ պետք է նախագծենք ազգային ճարտարապետական ոճով նոր կերպարի թաղամասեր ու դրանք նույնպես հատկացնենք կարիքավորներին»,- ասաց Ղուլարյանը:

Հիշեցնենք՝ վերջին 10 օրվա ընթացքում Ադրբեջանն ընդհանուր առմամբ 150 մլն դրամի վնաս է հասցրել Տավուշի մարզին: 150 մլն դրամից 25 մլն դրամն այսօր կառավարության որոշմամբ արդեն տրամադրվեց մարզի վերականգնման աշխատանքներին:

Կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր. ՀՀ–ում պլանային վարժանքներ են մեկնարկել

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 23-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել