Ադրբեջանական միֆը, թե իրենց բանակը կարող է հաղթել հայկականին, հօդս ցնդեց. Փաշինյան

Կառավարության նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերլուծությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հուլիսի 12-ից հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառներին ու հետևանքներին: 

«ՀՀ զինված ուժերը ոչ միայն հետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրան պատճառեցին էական վնասներ:Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ վնասներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական զինուժի ուժի, մտքի, ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն էր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գիշերվա ընթացքում հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 43 կրակոց

Բայց նրա խոսքով, հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը շատ ավելի ուժեղ է եղել: Փաշինյանը շեշտեց, որ այդ ամենի արդյունքում Ադրբեջանում անկայուն ներքաղաքական իրավիճակ է ստեղծվել, ինչն այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նոր սադրանքների՝ ներքին էներգիան ՀՀ-ի և Արցախի դեմ ուղղորդելու համար:

Վերլուծելով հայ-ադրբեջանական սահմանի վերջին տասնօրյակի իրադարձությունները՝ ՀՀ վարչապետը մի քանի շեշտադրում արեց. «Նախ Ադրբեջանը հարձակվեց ինքնիշխան Հայաստանի տարածքի վրա: Եվ մեկ անգամ պիտի ընդգծեմ, որ այն դիրքերը, որոնք դարձել են վերջին 2 շաբաթվա ընթացքում ռազմական գործողությունների կիզակետ, գտնվում են ինքնիշխան Հայաստանի տարածքում և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են»:

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվեց, երբ Հայաստանը ներգրավված էր խաղաղ բանակցային պրոցեսում, իսկ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ:

Քոչարի ու ծեծկռտուք. հայերի բողոքի ակցիաները Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության մոտ

«Ադրբեջանի բոլոր հարձակումները հետ մղվեցին, և հայկական կողմն ավելի քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում: Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և, հետևաբար, Հայաստանն ու Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեց: Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով ու ուժի սպառնալիքներով և հիմա կարող ենք ասել. Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են ու չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ասաց նաև, որ Տավուշի իրադարձությունների ընթացքում ոչ միայն բանակը վերահաստատեց իր մարտունակ ու ինտելեկտուալ համարումը, այլև հասարակությունը համախմբվեց՝ միահամուռ աջակցություն ցույց տալով իր բանակին ու իշխանությանը:

Ադրբեջանը Հայաստանի դեմ իսրայելական Spike NLOS կառավարվող հրթիռներ է օգտագործել

Փաշինյանը նաև արձանագրեց, որ Հայաստանն անգամ այս պայմաններում հավատարիմ է մնացել ուժի չկիրառման իր ստանձնած պարտավորություններին ու չի թիրախավորել Ադրբեջանի խաղաղ բնակչությանն՝ անգամ, երբ Ադրբեջանը սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ՀԱԷԿ-ը:
«Այս սպառնալիքն, ի դեպ, պիտի դառնա միջազգային լրջագույն քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում Ադրբեջանի ահաբեկչական էությունը»,- ասաց Փաշինյանը: Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին՝ Փաշինյանը շեշտեց, որ բոլոր հայտարարություններն ուղղված էին կողմերին հանդարտեցնելուն:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 23-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել