Ադրբեջանական կրակոցից զոհված 19-ամյա Արթուր Մուրադյանի ընտանիքին 58 մլն դրամ կփոխանցվի

Զինծառայողի ընտանիքի անդամները հատուցումներ կստանան առաջիկա քսան տարվա ընթացքում։ 10 մլն դրամը կտրամադրվի միանվագ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը 58 մլն ՀՀ դրամ կփոխանցի զոհված ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանի ընտանիքին։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի պաշտոնական էջից։

«Հիմնադրամը Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին հատուցումներ կտրամադրի առաջիկա 20 տարվա ընթացքում: Հատուցման չափը կկազմի 58 մլն ՀՀ դրամ, որից 10 մլն դրամը կտրամադրվի միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հուլիսի 19–ին կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերին վիրավորված զինծառայողներից 5–ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր։

Ինչքան նվիրատվություն է կատարվել «Զինծառայողների աջակցության հիմնադրամին» վերջին օրերին

Այսօր հայտնի դարձավ, որ հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ):

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 23-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։