Զարուհի Բաթոյանը տուգանվել է. որն է խնդիրը

Տուգանքի վճարումից հետո նախարար Բաթոյանին 7 աշխատանքային օր է տրվել հայտարարագրում համապատասխան ուղղում կատարելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նկատմամբ վարչական տույժ կիրառել։ Հանձնաժողովի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախարարը տուգանվել է 200 000 դրամի չափով՝ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար:

Զարուհի Բաթոյանը լավ լուր ունի

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որը 2018 թվականին նույն նախարարությունում նախարարի առաջին տեղակալ էր, 2019թ. հունիսի 21-ին ներկայացրած գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018 թվականի տարեկան հայտարարագրում «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում չի հայտարարագրել իր եկամուտները»,- նշված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ հանձնաժողովի՝ Զարուհի Բաթոյանը բացթողումը բացատրել է նրանով, որ ի տարբերություն մյուս դաշտերի՝ եկամուտների վերաբերյալ դաշտը նշված չի եղել որպես պարտադիր լրացման ենթակա և համակարգը թույլ է տվել չլրացնել։

Իմ քրոջ տեգրը իմ ազգականը չէ. Բաթոյան

«Այդ հիմքով Զարուհի Բաթոյանը խնդրել է իր եկամուտները չհայտարարագրելը դիտարկել որպես զուտ տեխնիկական բացթողում և թույլատրել 2018 թվականի տարեկան հայտարարագրում կատարել ուղղում՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում նշել 7 515 233 ՀՀ դրամ։ Այնուամենայնիվ, Հանձնաժողովը վերահաստատել է, որ հայտարարագրման ենթակա տվյալները հայտարարագրելիս բոլոր դաշտերը, առանց որևէ բացառության, պարտադիր ենթակա են լրացման»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երեխայի երջանիկ կյանքի համար լավագույն միջավայրը ընտանիքն է. Զարուհի Բաթոյան

Հանձնաժողովից նաև տեղեկացնում են, որ տուգանքի վճարումից հետո նախարար Բաթոյանին 7 աշխատանքային օր է տրվել՝ 2018 թվականի տարեկան հայտարարագրի բացթողնված դաշտում համապատասխան ուղղում կատարելու համար: