ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կապ է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ ու հորդորել է նրանց անհապաղ դադարեցնել սրված իրավիճակը սահմանին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Պարոն Գուտերեշն այսօր առավոտյան զրուցել է Ադբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ։ Երկու դեպքում էլ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումների կապակցությամբ»։
Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը կրկնել է անհապաղ և լիարժեք ապաէսկալացիայի իր կոչը, ինչպես նաև խորհուրդ է տվել հրաժարվել սադրիչ հռետորաբանությունից և վերադառնալ բանակցություններին։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 22-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։