Ինչ են խոսել Լավրովը, Տողանյանն ու Բյուլբյուլօղլուն. դեսպանը մանրամասներ է հայտնել

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, թե Ադրբեջանի դեսպանի հետ Լավրովի առանձնատանը կայացած աշխատանքային ճաշի ժամանակ ինչ հարցվեր են քննարկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ աշխատանքային ճաշի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները ներկայացրել են իրենց տեսլականը, այսինքն` երկու երկրների պաշտոնական դիրքորոշումը հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտական գործողությունների առնչությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Լավրովի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Հայտնել էինք, որ Լավրովն ԱԳՆ ընդունելությունների տանն աշխատանքային ճաշ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների` Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։

«Հանդիպման ժամանակ երկու կողմերս էլ Լավրովին ներկայացրինք հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Լավրովն էլ ներկայացրեց իր տեսլականը և ցանկությունը` ունենալ խաղաղ և առանց բաժանարար գծերի կայուն իրավիճակ Հարավային Կովկասում։ Նրա ցանկությունն է, որ կողմերը դադարեցնեն կրակը և շուտափույթ անցնեն խաղաղ գոյակցությանը»,–ասաց Տողանյանը։

Նրա խոսքով` Լավրովը տիրապետում է հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվությանը, քանի որ օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել նրա հետ` ներկայացնելով իրավիճակը։ Ուստի, դեսպանների հետ հանդիպման ժամանակ մանրամասներ օպերատիվ իրավիճակի մասին չեն քննարկել։

Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ հանդիպում է նախաձեռնել

Տողանյանի մեկնաբանմամբ` ՌԴ արտգործնախարարի հետ ոչ թե քննարկում են ունեցել, այլ կարծիքների փոխանակում։

Հարցին, թե հանդիպման ժամանակ արդյո՞ք որևէ պայմանավորվածություն է ձեռք բերվել, Տողանյանը պատասխանեց, թե քանի որ այն ուղղակի աշխատանքային նախաճաշ էր, որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին խոսք չի եղել։

Նկատառմանը, թե Բյուլբյուլօղլուն հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ ռազմատենչ կոչեր էր արել և արդյո՞ք Լավրովի հետ հանդիպման ժամանակ էլ նման քայլի է դիմել` Տողանյանն արձագանքեց` նման կարծիքներ հայտնելու խնդիր չի եղել։

Մնացականյանը Լավրովի հետ է խոսել. քննարկել են հայ–ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը

«Ադրբեջանի դեսպանի հայտարարությունները հրապարակայնություն ձեռք բերելու համար էին արվում, իսկ Լավրովի հետ հանդիպման ժամանակ միայն կարծիքներ են հնչել։ Դա տեղ չէր, որպեսզի Բյուլբյուլօղլուն ռազմատենչ հայտարարություններ հնչեցնի»,–իր խոսքն ամփոփեց Տողանյանը։

Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 22-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել