ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Եվրամիության ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Տեղեկությունը հաղորդում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը՝ տարածած պաշտոնական հաղորդագրությամբ։
«Բանակցությունների ընթացքում Բորելը կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական առճակատումը, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք լարվածություն են հրահրում», - նշված է հաղորդագրության մեջ:
Բորելը նաև հանդես է եկել հակամարտության կողմերի միջև ուղիղ բանակցությունների անցկացման օգտին։ Նա ընդգծել է ԵԱՀԿ առաքելության դիտարկման վերսկսման անհրաժեշտությունը, «հենց որ պայմանները թույլ տան»:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 22-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։