Ինչքան նվիրատվություն է կատարվել «Զինծառայողների աջակցության հիմնադրամին» վերջին օրերին

Ամենաշատ նվիրաբերությունները կատարվել են Հայաստանից, երկրորդ և երրորդ տեղերում համապատասխանաբար ԱՄՆ-ն և Կանադան են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. «Զինծառայողների աջակցության հիմնադրամին» վերջին 6 օրերի ընթացքում 190 միլիոն դրամից ավելի նվիրատվություն է կատարվել։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում նոր տվյալներ է հաղորդել։

Բանակի համար ամենաշատը գումարներ են փոխանցել հենց ՀՀ–ից. Թուրքիայից էլ է փոխանցում եղել

«17․07․2020-22.07.2020թ.-ի ընթացքում 48 երկրից կատարվել է շուրջ 192,000,000 ՀՀ դրամի չափով նվիրաբերություն»,- գրել է նա

Նշենք, որ ամենից շատ նվիրաբերություն հենց Հայաստանից է արվել՝ 135 մլն. դրամից ավելի։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 31 մլն. դրամից ավելի, երրորդը՝ Կանադան՝ 4 մլն. դրամից ավելի։ Ապա հաջորդում են Ռուսաստանը, Ֆրանիսնա, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Ռումինիան, Բելգիան։

Հիմնադրամին նվիրաբերություններ են կատարվել նաև այնպիսի երկրներից, ինչպիսիք են Մալազիան, Հարավային Կորեան, Վիետնամը և այլն։

Հիշեցնենք՝ հուլիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտարարել էր, որ նրանք, ովքեր ցանկանում են ինչ-որ կերպ օգտակար լինել հայկական բանակին, կարող են իրենց միջոցներն ուղղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Մենք գերադասում ենք հենց դեմ առ դեմ կռվել. Սենոր Հասրաթյանը պատասխանել է Ալիևին

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 22-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել