Ինչպես է անցել գիշերը Տավուշի սահմանին. ՀՀ ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացրել

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik.  Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը

Նա նշել է, որ հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:

  • Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` մեկ անգամ
  • Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` մեկ անգամ
  • Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` մեկ անգամ
  • Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` ընդհանուր 3 անգամ:

Ստեփանյանը նշել է նաև, որ երեկվա անհաջող փորձից հետո կատարվում է լրահետախուզում։

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 21–ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել էր հերթական հարձակումը: 

Երևանում ցուցադրում են Ադրբեջանի ԶՈՒ–ի խոցված և առգրավված անօդաչուները. լուսանկարներ

Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկնշանակայինները բացի կորուստներից, ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ։

Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 22-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել