Դասաժամերի նվազեցումից հետո հնարավոր կլինի՞ խուսափել ուսուցիչների կրճատումից

Կրթության չափորոշիչների փոփոխությունից հետո մի շարք առարկաների հատկացված ժամերը կրճատվելու են, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դուրս է գալու ծրագրից։ Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել է ԿԳՍՄՆ` ուսուցիչների հնարավոր կրճատման մասին պարզաբանում ստանալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քայլեր կիրականացնի կրթության չափորոշիչների փոփոխությամբ նախատեսված դասաժամերի կրճատման արդյունքում ուսուցիչների կրճատումից խուսափելու համար։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն այսպիսի պատասխան է տվել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Փաշինյանն ավելորդ է համարում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. տեսանյութ

Հայտնել էինք, որ կրթական չափորոշիչների փոփոխության նախագիծ է մշակվել, ըստ որի` մի շարք առարկների հատկացված դասաժամեր կրճատվելու են։ Բացի այդ, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան միավորվելու է այլ առարկաների հետ և որպես առանձին առարկա չի դասավանդվելու։ Նախատեսվող այս փոփոխությունը քննարկման և քննադատության տեղիք է տվել։

Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել էր ԿԳՄՍ նախարարություն` տեղեկանալու, թե արդյո՞ք «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ժամերի, ինչպես նաև այլ առարկաներին հատկացված դասաժամերի կրճատմամբ ուսուցիչների կրճատում չի լինելու։

«Չափորոշիչի գործարկման արդյունավետության ապահովման նպատակով ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է իրականացնել ուսուցիչների և տնօրենների լայնածավալ վերապատրաստումներ։ Դրանք հնարավորություն կտան խուսափել հաստիքների հնարավոր կրճատումներից»,–ի պատասխան հայտնել է ԱՆդրեասյանը։

Փոխնախարարը նշել է նաև, որ հանրակրթության պետական չափորոշիչով սահմանվում են առարկաների ցանկի ձևավորման սկզբունքները, հետևաբար, դպրոցները կարող են իրականացնել ժամաքանակների բաշխման գործընթացը: Այսինքն` դպրոցն ինքը կարող է այս կամ այն մասնագետին հատկացվող ժամաքանակն ավելացնել։

«Հայ եկեղեցու պատմություն» առարկան բովանդակային փոփոխություն չի կրելու». Մակունց

Անդրեասյանը հիշեցրել է, որ hանրակրթության պետական չափորոշիչը նախատեսված է գործարկելու 2022-2023 ուսումնական տարվանից:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցրել էր` կրթության չափորոշիչների փոփոխության հետևանքով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան բովանդակային առումով որևէ փոփոխություն չի կրելու։

Նա ասել էր` իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե այս ամենն ուղղված է եկեղեցու դեմ։ Բազմաթիվ պատմաբաններ, հոգևորականներ և շատ ուրիշներ էին քննադատությամբ հանդես եկել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու առնչությամբ։

«Բանավեճը կմտնի փակուղի». «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ճակատագիրն անորոշ է