Արամուս համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել. նրա դեմ քրգործ էր հարուցվել

Արամուսի` 18 տարվա ղեկավարը որոշել է հրաժարվել լիազորություններից։ Արտահերթ ընտրություն կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը: Տեղեկությունը հայտնում է Կոտայքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։

«Արամուս համայնքի ավագանին որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի լիազորությունները: Կնշանակվի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հրայր Նիկողոսյանը Արամուս համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի:

Ոստիկանությունը երեկ հայտնել էր, որ բացահայտել են Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավարի ապօրինությունները։

Տվյալներ են ձեռք բերվել, որ համայնքի ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2007-2018 թվականների ընթացքում համայնքապետարանում որպես վարորդներ և քարտուղարուհի է հրամանագրել մի շարք անձանց։ Նրանք չեն հաճախել աշխատանքի, սակայն նրանց անունով հաշվարկվել և դուրս է գրվել շուրջ 7.5 մլն դրամ աշխատավարձեր և պարգևավճարներ։ Համայնքի ղեկավարը, ըստ ոստիկանության, յուրացրել է այդ գումարները։

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

Ոստիկանները բացահայտել են Մետրոպոլիտենի նախկին տնօրենի ապօրինությունները. տեսանյութ