Երևան, 22 հուլիսի -Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի անդամների կողմից երեկ ընդունված բանաձևը փախստականների խնդրի մասին ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական է։ Facebook-ի իր էջում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Օրերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դատավարության հարցերով կոմիտեն օրակարգ է մտցրել կոնգրեսականներ Սթիվ Շաբոտի և Ստեֆեն Քոենի առաջարկած փոփոխությունների փաթեթը: Փոփոխությունը վերաբերում է «Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի գրավյալ տարածքներիփախստականներին»: Մինչդեռ այնտեղ չեն հիշատակվում Սումգայիթի և Բաքվի ջարդերից հետո Ադրբեջանից հեռացած հայ փախստականները։
Փորձագետն այդ փաստաթուղթն անվանել է ԱՄՆ-ի ողջ պատմության մեջ ամենահակահայկական բանաձևը։
Սարգսյանը նշում է, որ փաստաթուղթը կրում է նաև վառ արտահայտված հակառուսական բնույթ՝ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ուկրաինական և վրացական թեմաներին։
«Բանաձևը դրվել է շրջանառության մեջ Ադրբեջանի դեսպանության կողմից ֆինանսավորվելով, վստահ եմ` տեքստը նույնպես նրանք են գրել: Ունեմ բավարար հիմքեր (պայմանագրեր, նամակագրության և այլն) ապացուցելու, որ Ադրբեջանը ֆինանսավորել է այս բանաձևի ընդունումը` մեր միջոցով նաև Ռուսաստանին խփելու համար: Պատրաստ եմ դրանք տրամադրել իշխանություններին` ռուսական կողմին փոխանցելու նպատակով: ԱՄՆ-ում Ադրբեջանն աշխատում է նաև Ռուսաստանի դեմ, և այս փաստին պետք է արձագանքի նաև Ռուսաստանը»,–գրել է քաղաքագետը:
Իր հրապարակմանը կից Սարգսյանը հրապարակել է հասանելի պայմանագրերից մեկի լուսանկարը:
Ուղղումներով բանաձևի քվեարկությունը նշանակված է 2020 թվականի հոկտեմբերին: Փորձագետները նշում են, որ եթե այն ընդունվի, նախադեպ կդառնա մյուսների համար։
Պատմական իրադարձություն. ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը