Առաջիկայում մեկ թռիչք կիրականացվի Կալուգայից. մանրամասներ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը նոր թռիչքի մասին է հայտարարել` տեղեկացնելով, թե ինչպես կարելի է գնել տոմսերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ առաջիկայում ևս մեկ նոր թռիչք է իրականացվելու։

«Տեղեկացնում ենք, որ «Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 27-ին (ժամը 14։00-ին) կիրականացնի Կալուգա-Երևան չարտերային չվերթը»,–նշված է Facebook սոցցանցի` դեսպանության էջում։

Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (armeniafly.com), ինչպես նաև ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10) կամ Կալուգայի միջազգային օդանավակայանից:

Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը։

Հիշեցնենք, որ պարետի նոր որոշմամբ՝ Հայաստան վերադարձող քաղաքացիներն այլևս չեն մեկուսացվում հյուրանոցներում. նրանց ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվում։

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից սկսած`պարտավոր են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումն օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր: