«Սուտ է». ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական մամուլում հայտնված լուրը

Պաշտպանության նախարարությունից վստահեցնում են, որ նման դեպքերում առաջինն իրենք կշտապեն տեղեկություն տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն լուրը, թե Ադրբեջանի ԶՈւ–ն հայկական 2 ԱԹՍ է խոցել։

«Սուտ է։ Առաջարկում ենք հանդարտվել։ Եթե այդպիսի դեպք լիներ, առաջինը մենք կտեղեկացնեինք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ինչպես է անցել գիշեր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի մասում. ՊՆ–ն տվյալներ է հրապարակել

Նշենք, որ այսօր ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկություն է հրապարակել, համաձայն որի` ՀՀ ԶՈւ անօդաչու սարքերը գիշեր փորձել են հետախուզական թռիչքներ իրականացնել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, բայց ոչնչացվել են։

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում վերջին սրացումների հետևանքով ՀՀ ԶՈւ–ն խոցել է 13 ԱԹՍ, այդ թվում` իսրայելական Elbit Hermes 900, որն արժե ավելի քան 30 մլն ամերիկյան դոլար, իսկ SkyStriker ԱԹՍ-ն անվնաս հայտնվել է ՀՀ զինված ուժերի ձեռքում։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Հիմա ոչ ոք պատրաստ չէ վնասազերծել «ղարաբաղյան ականը»․ Լուկյանովի հարցազրույցը

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 21-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։