ՊՆ–ն կոչ է անում բանակին առնչվող թեմաները չքննարկել հեռախոսով կամ համացանցում

Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ բանակի թեմային վերաբերող քննարկումները կարող են հասանելի դառնալ հակառակորդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik.ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից բջջային հեռախոսով։

«Զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով ՊՆ–ն կոչ է անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից ինչպես հեռախոսով, այնպես էլ համացանցում, մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում»,-նշված է հաղորդագրության մեջ։

ՊՆ-ն հայտնում է, որ նման քննարկումները կարող են հասանելի դառնալ հակառակորդին, ինչն իրական վտանգներ է պարունակում զինվորների համար: Ձեռնպահ մնալով այդպիսի գործողություններից և հետևելով բացառապես ՀՀ ՊՆ պաշտոնական աղբյուրներով տարածվող տեղեկատվությանը՝ կնպաստենք բանակի հաջողություններին:

Բանակի համար ամենաշատը գումարներ են փոխանցել հենց ՀՀ–ից. Թուրքիայից էլ է փոխանցում եղել

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 21-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Ադրբեջանը դիպուկահար հրացաններից կրակ է վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին