ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների` Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ քննարկել է հայ–ադրբեջանական թեման։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպումը կայացել է ԱԳՆ ընդունելությունների տանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասի անվտանգության ապահովման հարցերը, հայ-ադրբեջանական սահմանագոտու իրավիճակի կայունացման խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 21-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։
Հիմա ոչ ոք պատրաստ չէ վնասազերծել «ղարաբաղյան ականը»․ Լուկյանովի հարցազրույցը