Մխիթարյանը փոխել է «Ռոմայի» դեմքը. ինչ է գրում միջազգային մամուլը հայ ֆուտբոլիստի մասին

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարից հետո իտալական Ա սերիայի վերսկսված առաջնությունում անզեն աչքով էլ երևում է, որ Հենրիխ Մխիթարյանը շատ լավ մարզավիճակում է ու իր թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Հուլիսին Հենրիխ Մխիթարյանի խփած երեք գոլերը նրան դարձրել են ջալոռոսիների կազմում ամենահաճախ աչքի ընկող ֆուտբոլիստ:

«Հենրիխ Մխիթարյանի վերադարձը կօգնի Ջեկոյին». «Ռոմայի» մարզիչ

Իտալական CorrieredelloSport և անգլիական BBC պարբերականները մանրակրկիտ ուսումնասիրել են հայ ֆուտբոլիստի վիճակագրությունը «Ռոմայի» կազմում անցկացրած խաղերում:

CorrieredelloSport-ն ուսումնասիրել է Մխիթարյանի ելույթներն ամբողջ մրցաշրջանի կտրվածքով, իսկ BBC-ն` նրա գոլերի հաճախականությունը:

Մասնավորապես, իտալական պարբերականը պատասխանել է իր իսկ հարցին` կախվա՞ծ է արդյոք «Ռոման» Ջեկոյի խաղից: Պատասխան` կախված է, բայց ոչ միայն նրա խաղից։

«Չնայած վնասվածքներին, Մխիթարյանը փոխել է «Ռոմայի» դեմքը, որակապես բարելավելով թիմի հարձակողական գործողությունները: Հենրիխը թիմի ևս մեկ առանցքային ֆուտբոլիստ է իր անակնկալ արագացումներով և անցումներով: Իր տեխնիկայով հայ ֆուտբոլիստն օգնում է Ջեկոյին առջևի գծում»,-գրել է CorrieredelloSport-ը:

Հենրիխի հնարավորությունները շատ լավ հասկանում ու գնահատում է նաև թիմի մարզիչ Պաոլո Ֆոնսեկան:

«Ռոմա» – «Ինտեր» խաղում խփած գնդակը Հենրիխի քրտնաջան աշխատանքի վառ ապացույցն էր: Ջեկոյի հետ գնդակը խաղարկելուց հետո Մխիթարյանն ապահովագրելով իր թիմակցին, ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում ու գրավեց մրցակցի դարպասը:

Հենրիխ Մխիթարյանը հրաշալի գոլ խփեց, բայց «Ռոման» չկարողացավ հաղթել. տեսանյութ

Միգուցե Ֆոնսեկան, նայելով Հենրիխի խաղին, ափսոսում է, որ վնասվածքները թույլ չտվեցին հայ ֆուտբոլիստին ավելի շատ խաղ անցկացնել (Մխիթարյանը 11 խաղ է բաց թողել այդ պատճառով), բայց հարկ է նշել, որ հունիսի վերջին Ա սերիայի վերսկսումից հետո Հենրիխն անկասելի է: Չորս խաղում նա երեք գնդակ է խփել: Եթե հայացք նետենք մյուս թիմերում Հենրիխի խաղի վիճակագրությանը (Բունդեսլիգա, Պրեմիեր Լիգա և Ա սերիա), ապա միայն 2015/16 թվականի մրցաշրջանում է Մխիթարյանն ավելի շատ գոլ խփել (11 գնդակ` «Բորուսիայի» կազմում):

Ընդհանուր առմամբ, Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 22 խաղ, որից 8–ը` փոխարինումով: Նա հարձակողական ոճի կիսապաշտպան է, և իտալացիները նրան համարում են trequartista (հարձակողական ոճի կիսապաշտպան):

Մխիթարյանը խոսել է «Ռոմա» - «Ինտեր» խաղի և իր զգացողությունների մասին

Չնայած իր խաղային դիրքին, Հենրիխը հաճախ է միանում իր թիմի պաշտպանությանը և այստեղ էլ բավականին լավ վիճակագրություւն ունի: Բայց հայ ֆուտբոլիստի ուժեղ կողմը, իհարկե, իրավիճակի արագ և ճիշտ գնահատումն է: Մխիթարյանն ընդհանրապես 605 փոխանցում է կատարել (միջինը` մեկ խաղում 40) և 512 ճիշտ փոխանցում:

«Ռոման» Մխիթարյանի փոխանցումը «հավերժացրել» է գրաֆիկայով

Ա սերիայի թոփ ֆուտբոիստների մեջ դա լավագույն արդյունքներից մեկն է:

Ինչ վերաբերում է հայ ֆուտբոլիստի արդյունավետությանը, ապա «Ռոմայի» կազմում բաց թողնելով 11 խաղ, նա դարձել է 9 գոլի հեղինակ:

Ջեկոն խփել է 18 գնդակ, բայց բոսնիացին խաղացել է բոլոր խաղերում, առանց փոխարինման: Այսպիսով, գոլերի հաճախականությամբ Հենրիխը լավագույնն է «Ռոմայի» կազմում՝միջինը մեկ գոլ 151 րոպեի ընթացքում: Ջեկոյի ցուցանիշը 182 րոպե է:

Հաղթանակ դատարկ տրիբունաների պայմաններում. Մխիթարյանը փայլեց «Ռոմայի» կազմում. տեսանյութ

Հուլիս ամսվա հաջողությունները, «Պարմայի» հետ խաղում լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը և գրագետ ու օգտակար գործողությունները խաղադաշտում «Ռոմայի» ղեկավարությանը վերջնակապես համոզեցին, որ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելը միանշանակ ճիշտ քայլ էր։ Ինչ– որ տեղ կարող ենք ասել, որ Հենրիխը երկրորդ երիտասարդությունն է ապրում խաղադաշտում: Ու այս իրավիճակում շատ կարևոր է դառնալու նրա կարիերայի համար հաջորդ՝ 2020/21 մրցաշրջանը: