ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է ձայնագրել` հորդորելով դիտել 2005 թվականին նկարահանված «Երկրաբնակները» ֆիլմը, ինչպես ցանկացել էր Լուցկում ավտոբուսի ուղևորներին պատանդ վերցրած տղամարդը։
Տեսաուղերձը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի Facebook–յան էջում։
«2005 թվականի «Երկրաբնակները» ֆիլմը դիտեն բոլորը», – հայտարարել է նախագահը։
Ենթադրվում է, որ դրանից հետո տղամարդն ազատ է արձակել պատանդներից երեքին։
Հիշեցնենք` երկու անգամ դատված Մաքսիմ Կրիվոշն այսօր` հուլիսի 21-ին, ավտոբուս էր առևանգել։ Նա պահանջում էր, որ Ուկրաինայի առաջին դեմքերը, այդ թվում` ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը և նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, տեսախցիկի առաջ հայտարարեն, որ իրենք «օրենքով ահաբեկիչներ են»։ Նա առանձին պահանջ էր հնչեցրել նաև նախագահ Վլադիմիր Զելենսկու համար` «2005 թվականի «Երկրաբնակները» ֆիլմը դիտեն բոլորը» տեքստով հայտարարություն տեղադրել համացանցում։