Բանակի համար ամենաշատը գումարներ են փոխանցել հենց ՀՀ–ից. Թուրքիայից էլ է փոխանցում եղել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայից գումար փոխանցելու դեպք է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik.Հայաստանում գործող Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաշված օրերի ընթացքում ավելի քան 160 մլն դրամ նվիրատվություն է ստացել` որպես աջակցություն բանակին։

Երևանում ցուցադրում են Ադրբեջանի ԶՈՒ–ի խոցված և առգրավված անօդաչուները. լուսանկարներ

Հուլիսի 20-ի առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նրանք, ովքեր ուզում են այն այս կամ այն կերպ աջակցել բանակին, կարող են նվիրատվություն կատարել հիմնադրամին։ Այս պահին հիմնադրամի կայքում, կարող ենք տեսնել, թե ովքեր և որքան գումար են փոխանցում։

Հուլիսի 17-ից մինչև հուլիսի 21–ի ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել է 160.7 մլն դրամ։ Նվիրատվություններ են կատարել ինչպես Հայաստանի բնակիչները, այնպես էլ տասնյակ այլ երկրներում բնակվող հայերը։ Ի դեպ, ամենաշատ գումար փոխանցվել է հենց Հայաստանից` ավելի քան 119 մլն դրամ։ Երկրորդ տեղում ԱՄՆ–ից կատարված փոխանցումներն են` 21 մլն դրամ, իսկ հետո Կանադայից` 3.4 մլն դրամ, և Ռուսաստանից` 2.55 մլն դրամ։ Ամենաշատ նվիրատվություններ կատարած երկրների հնգյակը եզրափակում է Ֆրանսիան, որտեղից 2.51 մլն դրամ է փոխանցվել հիմնադրամին։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ հիմնադրամի գործունեության պատմության մեջ առաջին անգամ նվիրատվության դեպք է գրանցվել Թուրքիայից։ Ճիշտ է, փոխանցվող գումարը չնչին է` 3400 դրամ, բայց փաստը կարելի է խորհրդանշական համարել։

Նվիրատվություններն ակտիվացել են հուլիսի 12-ից հետո հայ–ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունից հետո։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 21-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։