Ադրբեջանը հերթական հարձակումն է ձեռնարկել. հակառակորդը կորուստներ ունի

Պաշտպանության նախարարի խոսնակը վստահեցնում է, որ հայկական կողմը զգալի կորուստներ է պատճառել հակառակորդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկնշանակայինները, բացի կորուստներից, ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Ստեփանյանը նշել է նաև, որ հայկական կողմը կորուստներ չունի:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Երևանում ցուցադրում են Ադրբեջանի ԶՈՒ–ի խոցված և առգրավված անօդաչուները. լուսանկարներ

Հուլիսի 21-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Ադրբեջանը դիպուկահար հրացաններից կրակ է վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին