Զորացրման ենթակա զինծառայողները խնդրում են թույլ տալ շարունակել ծառայությունը. ՊՆ

Չնայած ՊՆ–ն հայտնել էր, որ մարտական գործողություններում կամավորների կամ պահեստազորայինների ներգրավելու կարիք չկա, այդուհանդերձ արդեն զորացրվածները դիմում են զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի (որի ենթակայության տակ են Տավուշի զորամասերը) զորացրման ենթակա ժամկետային զինծառայողները դիմել են հրամանատարությանը` խնդրելով թույլատրել շարունակել ծառայությունը։

«Զինծառայողները խնդրել են դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ և քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Ստեփանյանը։

Նրա խոսքով` բազմիցս ենք ականատես եղել մեր զինծառայողների հայրենասիրության դրսևորումներին, և այսօր էլ նրանք վերստին ապացուցում են իրենց անմնացորդ նվիրումը հայրենիքին և ժողովրդին:

«Սիրուն է, չէ՞». Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է խոցված ԱԹՍ–ի լուսանկարները

Ստեփանյանը հիշեցնում է, որ չնայած պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ կամավորագրվելու անհրաժեշտություն չկա և ՀՀ զինված ուժերը պատվով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, այնուամենայնիվ, զինծառայողները զորացրվել չեն ուզում։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։