Տավուշում նոր հանձնաժողով է ստեղծվել, որը կուսումնասիրի գյուղատնտեսական վնասները

Տավուշը բնականոն կյանք է վերադառնում։ Ամեն ինչ արվում է, որ մինչև տարվա վերջ վերացվեն հրետակոծության հետևանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Այսօր լրացուցիչ ևս մեկ հանձնաժողով է ստեղծվել Տավուշում, որը կուսումնասիրի հրետակոծությունների հետևանքով գյուղատնտեսական վնասները։ Իջևանում մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Ապրել ենք ուզում, բայց չեն թողնում. կյանքը Ադրբեջանին սահմանակից գյուղերում. լուսանկարներ

Բացի այդ, ստեղծվել են նաև սոցիալ-հոգեբանական հանձնաժողովներ, որոնցում ներգրավված են հասարակական և միջազգային տարբեր կառույցներ։

«Մեր գործընկերների հետ շատ ակտիվ պետք է աշխատենք սոցիալ-հոգեբանական իրավիճակի ուսումնասիրության և համապատասխան միջոցառումներ կատարելու ուղղությամբ, այդ թվում` մեր երեխաների ամառային հանգիստը, արձակուրդները հավուր պատշաճի կազմակերպելու համար, իհարկե համավարակի կանոնները լիարժեք պահպանելով»,-նշեց Չոբանյանը։

Անդրադառնալով Տավուշում տիրող իրավիճակին` մարզպետը նշեց, որ այսօր առավոտից արդեն հնարավորություն ունեն ակտիվությամբ ներգրավվելու տնտեսական կյանքի, առօրյայի մեջ , որովհետև այդպիսի իրավիճակ է նաև Բերդ համայնքում և սահմանամերձ գյուղերում։

«Մարդիկ լիարժեք ներգրավված են իրենց աշխատանքի մեջ։ Մեծ ծավալով ընթանում են վերականգնողական աշխատանքներ ,բայց դրանցից զատ, առավել կարևոր է ամբողջությամբ վերադառնալը բնականոն աշխատանքին։ Վերականգնողական գործընթացին այսօրվանից կսկսի փոխարինել զարգացման ծրագրերը, մենք կփորձենք վերանվանել այդ տերմինը և ակտիվորեն զբաղվել այս տարածաշրջանի և հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով։ Ցանկացած խնդիր լուծելով սահմանամերձ գյուղում, մենք լուծում ենք մեր երկրի սահմանների անվտանգության խնդիրը»,-շեշտեց Տավուշի մարզպետը։

Հրետակոծված Այգեպարի լուռ վկաները. ազդեցիկ լուսանկարներ

Մարզպետը նշեց նաև, որ այս պահի դրությամբ Տավուշում կա 50 շինություն, որոնք այս կամ այն չափով վնասվել են, դրանցից 12-ում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Ամեն ինչ արվելու է, որ մինչև այս տարվա վերջ բոլոր ավերված տները վերականգնվեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմը մարտերից հետո տեղափոխում է իր խոցված զրահատեխնիկան. լուսանկարներ

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ ՀԱՆ-17 տիպի նռնականետ է կիրառել