Հայ պատգամավորը պատմել է` ինչ մթնոլորտում են անցել ընտրությունները Սիրիայում

Բաշար ալ Ասադի կուսակցությունը համամասնական ցուցակով երեք քրիստոնյա է ներկայացրել՝ հայկական, ասորական և արաբական քրիստոնյա համայնքներից։ Ինքնաառաջադրվածների մեջ ևս մի քանի քրիստոնյա կա, այդ թվում՝ երկու հայ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Սիրիայում կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցել են առանց լուրջ միջադեպերի, իսկ իշխանություններն աջակցել են քրիստոնյա թեկնածուների առաջադրմանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը։

Սիրիայում բժշկին հավասարեցնում են մոլլային․ ինչպես է հայ բժշկուհին օգնել սիրիացի կանանց

Սիրիայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր արդեն երրորդ ընտրություններն են տեղի ունենում։ Նախկինում ընտրություններ եղել են 2012 և 2016 թվականներին։ Այս տարի դրանք պետք է անցկացվեին ապրիլի 13-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվեցին մինչև հուլիսի 19-ը։

Ռեիսյանը նշեց, որ քվեարկել կարելի էր միայն Սիրիայի տարածքում։ Ընտրատեղամասերը բաց էին մինչև ժամը 23։00-ը, որպեսզի բոլորն ընտրության հնարավորություն ունենան։ Ձայների հաշվարկն ընթացել է մինչև երկուշաբթի առավոտ և կշարունակվի ևս 2-3 օր։

Նա ընդգծեց,  որ երկրի իշխանություններն աջակցել են մի քանի քրիստոնյա թեկնածուների առաջադրմանը։ «Բաաս» կուսակցության (որը ղեկավարում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը) համամասնական ցուցակով առաջադրվել են ներկայացուցիչներ ասորի ուղղափառ համայնքից, քրիստոնյա արաբներից (Անտիոքի հույն պատրիարքարանից) և Հայ առաքելական եկեղեցու համայնքից։ Վերջինից առաջադրված է Հալեպի համալսարանի իրավաբան Լյուսի Իսքենյանը։

Նորա Արիսյանն առաջադրվել է Սիրիայի խորհրդարանական ընտրություններում

Կան նաև մի քանի ինքնաառաջադրված քրիստոնյա թեկնածուներ, որոնց թվում երկու հայ՝ Ժիրայր Ռեիսյանը և Նորա Արիսյանը (երկուսն էլ գործող պատգամավորներ են)։ Նշենք, որ 2017թ․-ին Սիրիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ էր դարձել նույնպես քրիստոնյա Համուդա Սաբբաղը։

Այնուամենայնիվ, ընգծեց Ռեիսյանը, պատգամավոր ընտրվող թեկնածուները ներկայացնում են Սիրիայի ամբողջ ժողովրին՝ իր բազմազգ և բազմակրոն համայնքներով։ Պետությունը նրանց վերաբերում է ոչ իբրև փոքրամասնությունների, այլ իբրև իրավահավասար համաքաղաքացիների։

«Անկախ, ոչ կուսակցական  գծով կայի ես և մի շարք քրիստոնյաներ։ Անշուշտ, մեծ է պետություն դերը, որն աջակցում է մեզ քաղաքական գործունեություն ծավալելու հարցում»,-ավելացրեց Ռեիսյանը։

Հալեպի հայ համայնքում ընտրությունները բավականին աշխույժ են եղել, մասնակցությունը բարձր է եղել, ավելի քանի 800 ակտիվիստներ ընտրություններին կազմակերպրչական աշխատանքներ են կատարել, թեկնածուների վստահված անձիք են եղել և մասնակցել քարոզարշավին։

Նա ավելացրեց, որ ընդհանուր առմամբ, ընտրությունները երկրում անցել են առանց միջադեպերի։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ ևս ծայրահեղական հռետորաբանություն չի հնչել ։

«Փառք Աստծու, առանց միջադեպերի անցավ, հատկապես հայ համայնքը շատ ակտիվ է մասնակցել»,-եզրափակեց Ռեիսյանը։

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները պետք է հաստատի Սահմանադրական դատարանը, որի որոշումը վավերացնում է երկրի նախագահը։

«Ամերիկացիները կարծում են` իրենց հողն է»․ փախած գրոհայինը` Սիրիայի Աթ Թանֆ բազայի մասին