ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը չի բավարարի զորացրման ենթակա զինծառայողների դիմում-խնդրանքը և նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն: «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Զինվորները հարյուրավոր դիմումներ, զեկուցագրեր են գրում, խնդրում են հրամանատարությանը թողնել իրենց զորամասում, չեն ցանկանում տուն վերադառնալ, բայց զորացրումը իրականացվում է բնականոն հունով»,- հայտնում է Ստեփանյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ժամկետային զինծառայությունն ավարտած բազմաթիվ զինվորներ այս պահին չեն ցանկանում հեռանալ իրենց զորամասերից: Նրանք ուզում եմ լինել նորակոչիկների կողքին, հայրենիքի սահմանին։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսանյութ հրապարակելով այն մասին, թե ինչպես են ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի՝ Բերդի տարածաշրջանում ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողներն ասում, որ չեն ուզում զորացրվել, ուզում են ծառայության 2 տարիների ընթացքում սովորածը ծառայեցնել հայրենիքի անվտանգության պահպանման։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ գրել էր, որ 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային զինծառայողները դիմել են հրամանատարությանը` խնդրելով թույլատրել շարունակել ծառայությունը։