ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը փոխել է կորոնավիրուսի (COVID-19) թեստավորման կարգը: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, համապատասխան փոփոխություններ են տեղի ունեցել առողջապահության նախարարի հրամանում:
Այսուհետ առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության թեստավորում կարող են անցնել 37.5 աստիճան ջերմություն, շնչառական հիվանդություն կամ այլ կասկածելի ախտանշաններ ունեցող պացիենտները: Նշենք, որ նախկին հրամանով անհրաժեշտ ջերմություն էր համարվում 38.5 աստիճանը:
Նախարարի նոր հրամանով` թեստավորման ենթակա անձանց ցանկը հաալրվել է նաև նոր կարգերով: Այսպես՝ այսուհետ կորոնավիրուսի թեստային ստուգում կանցնեն նաև «տուբերկուլոզ» ախտորոշմամբ պացիենտները՝ նախքան բուժումն սկսելը, ինչպես նաև հեմոդիալիզ ստացող պացիենտներն ու նրանց սպասարկող անձնակազմը:
Ֆրանսիացի բժիշկը Երևանի հիվանդանոցում հոգնել և հենց միջանցքում քնել է
Թեստավորման կենթարկվեն նաև փակ կազմակերպությունների (տարեցների և հաշմանդամների մասնագիտացված ցերեկային խնամքի հաստատություններ, հոգեբուժական բժշկական հաստատություններ և այլն) շահառուներն ու աշխատակիցները, ինչպես նաև քրեակատարողական ծառայության այն աշխատակիցները, ովքեր անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ:
Կորոնավիրուսի թեստ կհանձնեն նաև առողջապահական մարմինների այն աշխատակիցները, որոնք իրականացնում են հետազոտություններ, նմուշառումներ ու անմիջականորեն ներգրավված են կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման աշխատանքներում:
Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի բարդացումների գլխավոր նշանը