Կարինե Նալչաջյանի դիտարկմամբ՝ ասեկոսների տարածման հոգեբանությունը շատ հետաքրքիր է, ինչ-որ չափով` նաև ուսումնասիրված: Ըստ նրա՝ ասեկոսների համար պարարտ հող է ստեղծվում այն ժամանակ, երբ չկա վստահություն պաշտոնական տեղեկատվության նկատմամբ:
«Հոգեբանության մեջ կա մի հասկացություն, որ կոչվում է կոմունիկատորի վստահելիություն, այսինքն՝ խոսքը նրա մասին է` ով է տեղեկություն տարածողը: Եթե նա վստահություն է ներշնչում մարդկանց, ապա նրան անվերապահորեն հավատում են, հետևաբար, ինչ էլ ասի, լինելու է ընդունելի: Եթե խոսում ենք պաշտոնական տեղեկատվության մասին, ապա պետք է նշել՝ որքան մարդիկ վստահում են իշխանություններին, երկրի ղեկավարությանը, այնքան ավելի հավատ ներշնչող ու վստահելի են այն տեղեկությունները, որոնք գալիս են այդ շերտից: Բայց եթե վստահությունը պակասում է, ապա մարդիկ հակված չեն լինում հավատալու պաշտոնատար անձանց կողմից ներկայացված տեղեկատվությանը, նույնիսկ եթե այն հավաստի է»,-նշում է հոգեբանը:
Նալչաջյանի կարծիքով՝ երկրորդ հանգամանքն այն է, որ ասեկոսեները համարվում են քաղաքական ազդեցության շատ լուրջ գործիք, և եթե դրանց վերաբերյալ չկա լրջմիտ վերաբերմունք, ապա դրանք կարող են ստեղծել այնպիսի ֆոն, որ կդառնան շատ մեծ սպառնալիք:
Կորոնավիրուսի հոգեբանական հետևանքները, կամ 24 ժամ սկեսուրի հետ նույն բնակարանում
Հոգեբանն, օրինակ, վկայակոչում է նախկին իշխանություններին, որոնք հաճախ չէին հերքում թեկուզ ակնհայտ ասեկոսեները, հետևաբար, դրանք վստահության անկման պարագայում խաղում էին ավելի մեծ դեր՝ ազդելով հանրային կարծիքի ձևավորման վրա:
«Երբ ձևավորվում է կարծիքը կամ դիրքորոշումը, ապա այն փոխելը պահանջում է լրացուցիչ շատ ջանքեր, և եթե մարդիկ արդեն իսկ հավատում են ասեկոսեներին, ապա այդ ֆոնը փոխելը բնականաբար հեշտ չէ»,- նշում է հոգեբանը:
Անդադառնալով արտակարգ դրության պայմաններում իշխանության ներկայացուցիչների հորդորին, որ մարդիկ հավատան բացառապես պաշտոնական տեղեկատվությանը՝ Կարինե Նալչաջյանն ընդգծում է, որ արտակարգ դրության իրավիճակում նույնպես ստեղծվում է շատ հարմար ֆոն ասեկոսեների տարածման համար, և այդ իրողությունը որպես գործիք օգտագործողները դա շատ լավ գիտեն, հետևաբար, փորձում են օգտագործել լարված, հոգեբանորեն զգայուն իրավիճակը:
Հոգեբանի համոզմամբ՝ իշխանությունների հորդորները միանգամայն տեղին են, առանց դրանց հնարավոր չէ, քանի որ ներկայում կարող են տարածվել վտանգավոր, հանրային տրամադրությունները փոխող ասեկոսեներ: