Հրազդանն աղբի պատճառով ճահճացել է. ո՞ւմ պարտականությունն է գետը փրկելը

Երևանով հոսող միակ գետի՝ Հրազդանի որոշ հատվածներ վերածվել են բաց աղբատարի: Դրանց մաքրությամբ, ըստ էության, ոչ ոք չի զբաղվում: Խնդրի լուծման պատասխանատուներին գտնելու համար Sputnik Արմենիան դիմել է մի շարք պետական մարմինների:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Բնապահպան Սամվել Պիպոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Երևանով հոսող միակ գետի` Հրազդանի էկոլոգիական վիճակի վերաբերյալ:

«Եթե Գետառի հետ միախառնման վայրից վերև գետը համեմատաբար մաքուր է, ապա դրանից ներքև այն միանգամից վերածվում է կոյուղաջուր տանող ջրուղու, որից գալիս է շատ տհաճ հոտ, իսկ Երևանյան լիճ լցվելու վայրից մինչև 1.5 կմ գետը համարյա թե կանգնած է ու չի հոսում, ափերն ամբողջովին պատված են աղբով և ստորակարգ ջրիմուռներով, իսկ գետի մի հատվածում պլաստիկե անոթներն այնքան շատ են, որ ամբողջովին ծածկում են ջրի մակերեսը` մի քանի հարյուր քառակուսի մետր, գուցե ավելի տարածք գրավելով»,- ասաց բնապհապանը:

Հրազդանն աղբի պատճառով ճահճացել է. ո՞ւմ պարտականությունն է գետը փրկելը

Բնապահպանի մտահոգության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում ստանալու համար մենք դիմեցինք մի շարք պետական կառույցների:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում մեզ ասացին, որ խնդրի հասցեատերը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն է:

«Բիձի գյոլ» կամ Հրազդան գետով` դեպի անմահություն

Տեսչությունում էլ հայտնեցին, որ իրենք միջոցներ են ձեռք առնում միայն այն արտադրողների նկատմամբ, որոնք աղտոտում են գետի այս կամ այն հատվածը:

«Բայց, քանի որ այս դեպքում խոսքը կենցաղային աղբի մասին է, դրանով զբաղվում է քաղաքապետարանը»,- ասացին տեսչական մարմնից:

Երևանի քաղաքապետարանում էլ ասացին, որ պարբերաբար մաքրում են գետի այս կամ այն հատվածը: Վերջին անգամ՝ մայիսի 15-ին, մաքրվել է գետի՝ Երևանյան լիճ լցվող հատվածը:

Հրազդանն աղբի պատճառով ճահճացել է. ո՞ւմ պարտականությունն է գետը փրկելը

Այդ ժամանակ հորդառատ տեղումների պատճառով Հրազդանում հավաքված մեծ քանակի աղբը գետի հունով հասել էր լիճ:

«Պարբերաբար մաքրում ենք աղբը այն հատվածում, որտեղ գետի լցվում է լիճ: Իսկ ամբողջ գետի մաքրության քաղաքապետարանն առայժմ չի զբաղվում»,- ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ դա միայն առայժմ:

Հրազդանն աղբի պատճառով ճահճացել է. ո՞ւմ պարտականությունն է գետը փրկելը

Հրազդանն Արաքս գետի ձախ վտակն է: Գետն անցնում է միայն Հայաստանի մայրաքաղաքով, իսկ Երևանյան լիճը կամ ջրամբարը, ինչպես ընդունված է անվանել գիտական տեքստերում, ստեղծվել է 1960-ականներին՝ Հրազդան գետի հունը փակելու միջոցով։ Լճի միջին խորությունը 8 մետր է։ Այնտեղ լողալն արգելված է։

Երբ երեխաները մնացին առանց տոնի. երևանյան լուսանկարներ