Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ ՀԱՆ-17 տիպի նռնականետ է կիրառել

Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է` ինչպես է գիշերն անցել հայ–ադրբեջանական սահմանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց: Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ 2 անգամ, ընդ որում` հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Բերդավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ոչ նպատակային կրակ է վարվել 4 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։

Ադրբեջանը ևս մեկ անգամ փորձեց միակողմանի զիջումներ պարտադրել, բայց ապարդյուն. Մնացականյան

Խնձորուտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ոչ նպատակային կրակ է վարվել 2 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։ Պարույր Սևակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ մեկ անգամ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմն ունի 4 զոհ, 36 վիրավոր (ևս մեկը` խաղաղ բնակչությունից)։